Ողջ աշխարհի կյանքը տակնուվրա արած մահաբեր վիրուսը Հայաստանում պաշտոնապես գրանցվեց մարտի 1-ին։ Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին լուրը հանրության համար շոկային էր, բայց հետզհետե դարձավ սովորական։
Նույն կերպ հակահամաճարակային միջոցառումները՝ մինչև հիմա էլ պարտադիր համարվող դիմակներն ու 1.5-2 մետր պահվող սոցիալական հեռավորությունը, սպիրտով ախտահանվելը սկզբում թվում էին անիրատեսական, այժմ շատերի մոտ դրանք դարձել են առօրյայի մի մաս։
Տարեսկզբին, երբ աշխարհը դեռ նոր էր ծանոթանում այս վիրուսին, բժիշկների համար արդեն իսկ հստակ էր, որ հիվանդությունը ծանր են տանում հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու տարեց մարդիկ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 2020-ին կորոնավիրուսը հաղթահարեց ավելի քան 140 հազար հիվանդ։ Վիրուսը խլեց մոտ 3 հազար մարդու կյանք, ընդ որում՝ ավելի քան 600 վարակված մարդ էլ մահացավ այլ պատճառներով։
Այժմ, երբ աշխարհում ընթանում են մի քանի պատվաստանյութերի փորձարկումներ, Հայաստանում հույս ունեն, որ 2021-ի առաջին ամիսներին այստեղ ևս կկիրառվի պատվաստանյութը՝ այն անվճար կլինի ռիսկային որոշակի խմբերի՝ բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, տարեցների, փակ հաստատությունները սպասարկող անձնակազմի, սոցիալական աշխատողների համար։
Պետական բյուջեից կծախսվի 6 միլիոն դոլար և այն կգնվի միջազգային ոլորտում ձևավորված, ավելի քան 150 երկիր միավորող Covax facility նախաձեռնության շրջանակում։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ