Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա` ՀՀ վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են, դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:
«Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը», - նշում է Պաշտպանը:
Նա նաև նկատում է` վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց վերաբերող հարցերում:
«Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից», - ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ: