Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը շարունակում է լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները


Ղարաբաղյան պատերազմից հետո Մեծ Բրիտանիան որոշել է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ Ադրբեջանի կողմից շատ ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ղարաբաղյան պատերազմում վճռորոշ դեր է խաղացել հայկական զորքի ջախջախման գործում և այժմ Լոնդոնը ևս ցանկանում է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել հնգամյա պաշտպանական պլանի շրջանակներում, այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

«Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կսկսի անօդաչու թռչող սարքերի գնման նոր ծրագրի իրագործումը։ Հարցը օրակարգում է հայտնվել ոչ միանշանակ արձագանք հարուցած՝ Ադրբեջանի կողմից այդ տեխնիկայի կիրառումից հետո», - գրում է հեղինակավոր պարբերականը՝ հիշեցնելով երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի այս ամիս արած հայտարարությունը, ըստ որի՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը օրինակ են, թե ինչպես են մի շարք երկրներ այժմ «նախաձեռնություն դրսևորում և գլխավորում»։

Նախարար Բեն Ուոլենը հավելել է նաև, որ «անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ոչնչացվել են հարյուրավոր զրահամեքենաներ և նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգեր», մինչդեռ, ինչպես նշում է The Guardian-ը, տեսանյութեր կան, որոնք վկայում են, որ անօդաչուների հարվածների հետևանքով Լեռնային Ղարաբաղի պատերազմում մեծ թվով մարդիկ են զոհվել։

Թերթի հետ զրույցում բրիտանացի փորձագետ Քրիս Քոուլսը կարծիք է հայտնել, թե անօդաչուներ գնելու Մեծ Բրիտանիայի պլանները օրինականացնելու են այդ տեխնիկան, որը կարող է նպաստել վիճելի տարածքներում հակամարտությունների հրահրմանը։

«Հասարակական կազմակերպությունները որոշ ժամանակ է արդեն նախազգուշացնում են՝ քանի որ անօդաչուների կիրառումը թույլ է տալիս կրճատել պատերազմի վարման ծախսերը, դրանք, ամենայն հավանականության՝ կնպաստեն նմանօրինակ կատաղի, արյունալի հակամարտությունների հրահրմանը հարևան պետությունների միջև»,- նշել է բրիտանացի փորձագետը։

Ղազանչեցոցում աղբ և դատարկություն է․ Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը առաջին արտասահմանյան լրատվամիջոցն է, որի թղթակիցը այցելում է Շուշի՝ քաղաքը ադրբեջանին հանձնվելուց հետո։ Lրագրողը զրուցել է Շուշիում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ։

«Ռուսները բարդացնում են մեր կյանքը։ Մենք նրանցից կախված ենք Շուշիի մատակարարումների հարցում», - թերթի հետ զրույցում դժգոհել է քաղաքի զորքի ղեկավար Մամեդովը և հավելել՝ բայց դա ժամանակավոր է։

Հոդվածագիրը նշում է, որ Շուշիի մատակարարումների համար ադրբեջանական տրանսպորտային միջոցները 42 կիլոմետր ճանապարհ են անցնում հայկական գյուղերով՝ մեկ ռուսաստանյան մեքենայի ուղեկցությամբ։ Ընդ որում՝ նրանց հետ պետք է պայմանավորվել ժամերի շուրջ և հնարավոր է օրերով ընդհանրապես չերևան։

Լրագրողը պատմում է, որ ներկայում Շուշիում կյանքը հեշտ չէ․ չկա էլեկտրամատակարարում, զինվորականները տաքանում են փայտե վառարաններով։ Սպայական ճաշարանը տեղակայված է քաղաքային բարձունքներից մեկի վրա գտնվող առանձնատան մեջ, որի դռներից մնացել է միայն մեկը՝ որտեղ վառարանն է տեղադրված։

Le Monde-ի թղթակիցը այցելել է Ղազանչեցոց եկեղեցի․ «Ներսում աղբ և դատարկություն է, ադրբեջանցի զինվորականների կողմից արված գրաֆիտիի ներկը դեռ թարմ է»․․․

Հակամարտությունն ըստ էության չի լուծվել․ Մոսկվայում Ֆրանսիայի նախկին դեսպան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, անխոս՝ Վլադիմիր Պուտինի համար հաջողություն է, սակայն դրա իրականացումը խնդիրներ կհարուցի։ Հաղթանակը Բաքվին դրդելու է հեռավորություն պահել Մոսկվայի հետ և շարունակել մերձեցումը Թուրքիայի և Եվրամիության հետ», - կարծում է Ռուսաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան Մորիս -Ռիպերը։

Ֆրանսիական L’express պարբերականում հրապարակված հոդվածում դիվանագետը գրում է, որ հակամարտությունն ըստ էության չի լուծվել՝ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, թե՛ փախստականների վերադարձը կամ Անկարայի դերը տարածաշրջանի ապագայում։

«Մոսկվայի կողմից իր ուղղափառ դաշնակցին մերժելը, որն, ի դեպ, ի տարբերություն Վրաստանի հրաժարվել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձեցումից, Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում բացասական ազդանշան է ռուսական համայնքների համար․ արդյոք Վլադիմիր Պուտինը կպաշտպանի իրենց, ինչպես խոստացել էր՝ ինչ էլ պատահի»,- գրում է ֆրանսիացի դիվանագետը։

Ուկրաինայում արգելել են հայաստանցի գրողների ստեղծագործությունների հրատարակումը

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են երկրի Գրողների ազգային միության որոշումը, ըստ որի դադարեցվել է այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկելով ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում՝ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։ Այդ երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Չինաստանը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «մահացած դասականների», ինչպես նաև թվարկված երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG