Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել ԴՆԹ հետազոտության երկրորդ սարքավորումը, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթաց: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ գործընթացն արագացնելու համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Մենք սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կհասնի Հայաստանի Հանրապետություն և կսկսի գործարկվել: Այսինքն՝ ձեռքբերումն արդեն փաստացի տեղի է ունեցել», - ասել է վարչապետը
Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ը նման հետազոտության մեկ սարքավորում ունի։ Պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 248 զինծառայողի մարմին, միայն վերջին տասն օրում՝ 252 մարմին։ Այս պահին 718 նմուշ դեռ հետազոտման փուլում է։ Ծնողների սպասումը երկարաձգվում է նաև սարքի միակը լինելու պատճառով:
Այսօրվա ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը
Վարչապետն այսօր հայտարարել է՝ այսօրվա ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը
Փաշինյանը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ։
«Ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ ինչքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա և վնաս կտա մեր գործին»,-ասել է կառավարության ղեկավարը։