Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այս կառավարության որոշումները հակաօրինական ու հակապետական են:
Նա ներկայացրեց իրենց հաջորդ քայլերը. «Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մի մասը, արդեն մենք ունենք համապատասխան խմբեր, կշրջափակեն կառավարության շենքը, որովհետև այս կառավարության գործունեությունը, նորից եմ կրկնում, հակահայկական է, հակապետական է և այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնել այդ շենք, որովհետև դա մեզ պետք չէ: Մեր համառ, հետևողական, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է պետական ամբողջական համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից, հերթով հետևողական»:
Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ նպատակով ձևավորվել է «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությունը, նրանց վարչապետի թեկնածուն` անցումային ժամանակահատվածի համար, Վազգեն Մանուկյանն է:
Ավելի վաղ նշելով, որ դեկտեմբերի 22-ն իրենց պայքարի ամենավճռական օրն է, նրանք համազգային գործադուլ և դասադուլ են հայտարարել։
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հանրահավաքի ընթացքում փոխանցեց, որ այսօրվանից ամենօրյա անհնազանդության ակցիաներ են իրականացնելու մինչև որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։