Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը կրիտիկական պահին կարողացավ խլել նախաձեռնությունը»


Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Միջազգային մամուլը՝ ղարաբաղյան խնդրի մասին:

«Ստեղծվել է պատային վիճակ՝ ընդ որում հենց Թուրքիայի համար»

Ճակատամարտ Կովկասի համար. Ռուսաստանն աշխարհաքաղաքական հաղթանակ է տոնում, իսկ Թուրքիան խրվում է խնդիրների մեջ», այս խորագրի ներքո EurAsia Daily պարբերականը տպել է «Կովկասյան շախմատային տախտակը» գրքի հեղինակ, պատմագիտության թեկնածու, վերլուծաբան Իվան Կոնովալովի հոդվածը:

Հեղինակի փոխանցմամբ, Ռուսաստանը կարողացավ Լեռնային Ղարաբաղում ամենակրիտիկական պահին խլել նախաձեռնությունը և ապացուցել, որ տակավին ի զորու է ուժ դրսևորել և ազդել Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջանի առանցքային զարգացումների վրա:

«Հիմա Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են այնպիսի վիճակում, որ նոր կոնֆլիկտ հրահրելու ցանկացած փորձի դեպքում միջազգային համայնքի կողմից կդիտվեն որպես ագրեսորներ», - գրել է Կոնովալովը:

Նրա համոզմամբ, Արցախում պատերազմի ավարտը համարում են Հայաստանի պարտություն և այդ պարտության մեջ ինչ-որ խորհուրդ են տեսնում, մինչդեռ, դա բնավ այդպես չէ:

«Ստեղծվել է պատային վիճակ, ընդ որում՝ հենց Թուրքիայի համար, որն, ինչպես բոլորն են հասկանում, Ադրբեջանի դաշնակիցն էր և պատերազմի հիմնական մասնակիցը: Հիմա Անկարան կսկսի զայրանալ, ապակայունացնել վիճակը: Համեմատեք Դոնբասի հետ, հենց պետք է Եվրոպայի կամ ԱՄՆ-ի միջամտությունը՝ մեկն անպայման սրում է վիճակը, բայց Կովկասում այլ պատկեր է, Ռուսաստանը միջամտեց, ստիպեց դադարեցնել կոնֆլիկտը, թույլ չտվեց զավթել բուն Ղարաբաղը, դեռ 2008 թվականին է Ռուսաստանը ցույց տվել, որ պատրաստ է կոշտ գործել», - նշում է հեղինակը:

Կոնովալովի համոզմամբ, Էրդողանը կարող է բլեֆի դիմել, շարունակել սրել վիճակը, բայց չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի գործոնը:

«Մոսկվան ունի Անկարային զսպելու գործիքներ, և ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական և տնտեսական, Էրդողանն էլ չի լինի Թուրքիայի ցկյանս նախագահը, և մի օր, երբ այնտեղ իշխանության կգա նոր լիդեր՝ իրավիճակն անպայման կփոխվի: Ողջ հարգանքով հանդերձ, նշենք, որ Թուրքիան այնուամենայնիվ գերտերություն չէ և չի կարող, «լրջորեն կծել Ռուսաստանին», - ընդգծում է հոդվածագիրը:

«Ինչի՞ն է հասել Էրդողանը վերջին շրջանում, իրականում նա ամենուր խրվել է խնդիրների մեջ: Լիբիայո՞ւմ է հաղթել՝ ոչ: Սիրիայո՞ւմ՝ ոչ, քրդերի՞ն է հաղթել՝ ոչ: Եվրոպական միության հետ փչացրել է հարաբերությունները, ինչպես և ՆԱՏՕ-ի, իսկ վերջերս էլ S-400-ների շուրջ ԱՄՆ-ի հետ է փչացրել հարաբերությունները: Ղարաբաղո՞ւմ է հաղթել՝ ոչ: Եկավ Ռուսաստանն ու ամեն ինչ դադարեցրեց, դաշնակիցներին իր շուրջը միավորող Մեծ Թուրքիայի մասին խոսելու առիթ չկա, և ո՞վ է Ադրբեջանից զատ Թուրքիայի դաշնակիցը», - գրում է Իվան Կոնովալովը:

Նավթ, հրեական համայնք և Իրանի վրա ճնշում բանեցնելու լծակ

«Կասպյան ծովը՝ մարտադաշտ» վերնագրի ներքո Modern Diplomacy հանդեսը հրապարակել է Սինգապուրի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Ջեյմս Դորզիի հոդվածը:

Հեղինակն անդրադառնում է ղարաբաղյան պատերազմում Իսրայելի գործոնին: Իսրայելն այս պատերազմում աջակցեց Ադրբեջանին: Դրա համար կա երեք պատճառ՝ նավթ, Ադրբեջանում բնակվող մի քանի հազար հրեա և ամենակարևորը՝ այս աջակցությունն ընձեռում է Իրանի վրա ճնշում բանեցնելու հնարավորություն:

Դորզին վկայակոչում է թուրք փորձագետ Սադիք Օնչուին, ով ասել է, որ «Թեհրանին Թել Ավիվի հասցեագրած ուղերձը շատ հստակ է՝ Սիրիան իմ ետնաբակն է, իսկ ես կլինեմ Ադրբեջանում՝ քո ետնաբակում»:

Տանուլ տված կողմերից մեկն Իրանն է. New Eastern Europe

New Eastern Europe հանդեսը հրապարակել է վերլուծաբան Ջեյմս Բարրիի հոդվածը, որի համաձայն, ղարաբաղյան պատերազմում տանուլ տված կողմերից մեկն Իրանն է:

ԻԻՀ-ն, որն ի պաշտոնե մշտապես հայտարարել է, թե հարկ է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ աշխարհաքաղաքական առումով զիջել է տարածաշրջանային մրցակիցներին:

Ադրբեջանի հաղթանակը լրացուցիչ խթան է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի համար: Դիրքերը հզորացրել են Ռուսաստանը և Թուրքիային, իսկ պարտված կողմ Հայաստանն Իրանի այն քիչ հարևաններից մեկն է, որի հետ Իսլամական Հանրապետությունն ավանդաբար ուներ դրական հարաբերություններ:

Կա Թեհրանի համար ևս մեկ տհաճ իրողություն՝ հզորացել են Ադրբեջանի ծայրահեղ ազգայնականները, և դա լուրջ սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ Իրանի չորս գավառներում բնակվում են միլիոնավոր ադրբեջանցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG