Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։
Համաձայն Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվել ել առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:
Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այվազյանն Սոֆի Վիլմեսին է ներկայացրել «Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախևառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը»: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծել են միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը:
Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: