Մատչելիության հղումներ

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, շեշտում է վարչապետը


Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի, այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ։

«Հնարավոր է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն այդ օրվա դրությամբ, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել», - հայտարարեց Փաշինյանը։

ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը մնա հայկական վերահսկողության տակ

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում և նրանք պետք է ապահովեն, որ այդ հատվածը շարունակի մնալ հայկական կողմի վերահսկողության տակ, այսօր անդրադառնալով շաբաթ օրը Արցախի Հադրութի շրջանի վերոնշյալ հատվածում ադրբեջանական գործողություններին՝ հայտարարեց Փաշինյանը։

«Շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ, Թաղավարդ գյուղերի այդ շրջակա և հարող տարածքը։ Ի՞նչ է սա նշանակում՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, սա էլ, իր հերթին, նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ դա եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո», - ասել է վարչապետը՝ դեպքից որոշ մանրամասներ ներկայացրել․ - «Նախորդ շաբաթ օրը օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահնները դեռևս չեն տեղակայվել այդ մասում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և վերահսկողության տակ առել։ Այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ ՊԲ 6 զինծառայող վիրավորվել են, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են։ Ինչո՞ւ են ճշտվում, որովհետև տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար»։

Գնահատելով իրավիճակը՝ Փաշինյանը հայտարարեց՝ իհարկե, ադրբեջանական գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։

«Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները և Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ռուս ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է, մանավանդ որ Արցախի պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները, նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը», - ասաց Փաշինյանը։

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»

Վարչապետը նաև անդրադարձավ Սյունիքի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գծերի ճշգրտմանը՝ նշելով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG