Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։
«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», - ասաց խոսնակը։
Այդ ընթացքում, ըստ Նիկողոսյանի, Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` երկրի առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, կնոջ վիճակը շարունակել է վատանալ:
«Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին: Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է, և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ արձանագրվել է կենսաբանական մահ», - ասաց Առողջապահության նախարարության խոսնակը։
Նիկողոսյանը նշեց, որ սա երկրում կորոնավիրուսից մահվան արդեն երկրորդ դեպքն է հղիների շրջանում։