Մատչելիության հղումներ

Ըստ Պաշտպանի, GPS-ով պետական սահմանների գծումը վտանգում է սահմանամերձ համայնքների բնակիչների սեփականության սահմանադրական իրավունքները


Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանն ընդգծել է՝ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:

«Անհասկանալի է, օրինակ, Գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ Գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյո՞ք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր, կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է», - հայտարարել է Պաշտպանը։

Թաթոյանի խոսքով՝ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:

«Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում», - եզրափակել է Պաշտպանը:

Սոթքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի զինվորականների համատեղ ուժերով արբանյակային կապի տեղորոշման սարքերով՝ GPS-ով տեղի են ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հստակեցման աշխատանքներ։ Այս հայտարարությունները բուռն քննարկման են արժանացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG