Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ընթանում են բանակցություններ, հաղորդում է ՊՆ-ն


Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ըստ ՊՆ-ի` ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդը` զոհեր և վիրավորներ։

«Ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ», - նշում է պաշտպանական գերատեսչությունը:

Նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը` շեշտելով, որ ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և «վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ»։

Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

XS
SM
MD
LG