«Մենք արտգործնախարարություն ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին և փոխանցել նրան, որ տարածքային հավակնությունների ու կայսերական զավթողական քաղաքականության ժամանակները վաղուց անցել են», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Այսօր ավելի վաղ Իրանի արտգործնախարարն էր հրապարակավ պնդել, որ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու հայտ ներկայացնում Իրանի տարածքների նկատմամբ:
Մեկը մյուսին հաջորդած այս հայտարարությունների պատճառը Թուրքիայի նախագահի վերջին ելույթն է Ադրբեջանում։ Երեկ Բաքվում մասնակցելով ղարաբաղյան հաղթանակին նվիրված զորահանդեսին՝ Ռեջեփ Էրդողանը ոգևորել էր եղբայրական Ադրբեջանին, ռազմաշունչ կոչեր էր հնչեցրել Հայաստանի հասցեին, իսկ հետո ընթերցել էր մի հատված Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմից: Դեռևս խորհրդային տարիներին գրված այդ ստեղծագործության մեջ ադրբեջանցի բանաստեղծը գրել էր` «Ինչ է, չգիտե՞ն, որ տարածքը մեկն է, և՛ Բաքուն, և՛ Թավրիզը Ադրբեջան են, ժողովրդին իր լեզվից ու ոգուց թղթի վրա միայն կարող են բաժանել»:
Էրդողանը, ճիշտ է, երեկ այս պոեմի մեկ այլ հատված էր մեջբերել. - «Արազը կիսեցին,/ Ավազով այն լցրեցին։/Ես քեզ երբեք չէի լքի,/Մեզ ուժով բաժանեցին»:
Ի պատասխան, Իրանի արտգործնախարարն այսօր գրել է․ - «Նախագահ Էրդողանը տեղյակ չէ, որ Բաքվում իր արտասանածը վերաբերում է Արազի (Արաքսի) հյուսիսում ընկած տարածքների բռնազավթմանը և անջատմանը մայր Իրանից»:
Զարիֆի քննադատությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ «Էրդողանը չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», - գրել է նա, ու հատուկ մեծատառերով ընդգծել`ՈՐԵւԷ մեկը չի արող այդպես խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին:
Խոսքը Իրանի հյուսիսում ընկած երեք խոշոր նահանգների`Արևելյան, Արևմտյան Ադրբեջանների ու Արդաբիլի`պատմական Ատրպատականի մասին է, որտեղ շուրջ տասը միլիոն ադրբեջանցի է բնակվում:
«Թեհրանը որևէ մեկին թույլ չի տա իր տարածքային ամբողջականությունը խախտել», - հայտարարել է արտգործնախարարությունը։ Իսկ Իրանի կապի նախարար Ազարի Ջահրոմին հրապարակել է միջնադարյան հայտնի կայսրության` սեֆյանների ժամանակաշրջանի քարտեզը, արքայատոհմ, որն իր արքայանիստ քաղաքը հենց իրանական Ադրբեջանում`պատմական Ատրպատականում է հիմնել:
Թեհրանում միշտ են ընդգծված զգուշավորությամբ արձագանքել Ադրբեջանի հետ մշակութային ու լեզվական բազմաթիվ ընդհանրություններ ունեցող այդ տարածքների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին: Այդ հարցում տարաձայնությունները առավել ակնհայտ ու խորն էին իննսունականներին, երբ Ադրբեջանում իշխող Ժողովրդական ճակատը բացահայտ հայտարարում էր իրանական Ադրբեջանը «վերադարձնելու» և ներկայիս Ադրբեջանի հետ միավորելու մասին: Ընդ որում, այդ ելույթներում Ադրբեջանի նախկին նախագահ, պանթյուրքիստական հայացքներով հայտնի Աբուլֆազ էլչիբեյը Էրդողանի նման, նույն պոետի` Բախտիար Վահաբզադեի տողերն էր մեջբերում:
Փորձագետները միաժամանակ փաստում են, որ Թեհրանի կոշտ հայտարարություններն ու կշտամբանքը նաև այլ ենթաշերտեր ունի. Իրանը ղարաբաղյան վերջին պատերազմի առաջին օրերից հետևողականորեն դատապարտել է սիրիացի վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի:
Բանն այն է, որ դրանք այն խմբերն են, կամ այն խմբավորումների աջակիցները, որոնց դեմ Թեհրանը տարիներ շարունակ միջնորդավորված պայքար է մղել Սիրիայի ներքաղաքական պատերազմում: Թեհրանն այդ բախումներում իր դաշնակից, նախագահ Բաշար ալ Ասադին էր պաշտպանում, Թուրքիան`վերջինիս դեմ մարտնչող ընդդիմադիրներին: Հիմա Անկարայի «ձեռքով» այդ գրոհայինները հայտնվել են Իրանի սահմաններից ոչ հեռու` ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք այդ փաստի հետ չենք համակերպվելու», - շաբաթներ առաջ հայտարարել էր Իրանի փոխարտգոևծնախարար, Ղարաբաղի հարցով Թեհրանի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչին`մեկնելով Անկարա, Մոսկվա, Երևան և Բաքու:
Երևանում, պատասխանելով «Ազատության» հարցերին, իրանցի դիվանագետը պնդել էր, որ ահաբեկիչների թեման առաջնայիններից մեկն է իրենց օրակարգում․ - «Այո, շատ անհանգստացած ենք, և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է»։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին էլ շաբաթներ առաջ զգուշացրել էր. - «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։