Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության օրակարգում հայտնվել է նոր կետ՝ Լեռնային Ղարաբաղը։ Եվ այս մասին արդեն խոսում է պաշտոնական Մոսկվան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Russia Today-ի եթերում ասել է, թե Արևմուտքը Ռուսաստանին մեղադրելու համար կարող է դեռ շատ առիթներ հորինել՝ Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեղադրանքների համար:
«Վերջերս մեզ մեղադրում էին Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ՝ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, ասելով, թե Թուրքիայի հետ համաձայնեցված է այդ տարածաշրջանի բաժանումը, միայն թե Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, ովքեր այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը հավելել է, թե Մոսկվան պատրաստ է նման մեղադրանքներին: «Օրերս կարդացի, որ ԱՄՆ Կոնգրեսը խրախուսում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության դեմ պատժամիջոցները միայն այն պատճառով, որ այդպիսի միություն գոյություն ունի, և այն դուր չի գալիս նրանց, ովքեր կցանկանային Բելառուսում ևս մեկ «գունավոր հեղափոխություն» անել», - նշել է նա։
Մոսկվայում մի շարք փորձագետներ խոսում են այն մասին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն ելքը ավելի սերտ ինտեգրումն է Ռուսաստանի հետ՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության տեսքով, օրինակ։
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ բարձրաձայնել է այն հարցերը, որոնց շուրջ պետք է ընթանան առաջիկայում կայանալիք բանակցությունները։
«Մեզ անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, քանի որ հրադադարը համաձայնագիր չէ, այլ պատերազմի ավարտ։ Հիմա մեզ անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, նրա վարչական սահմանագծման, կառավարման միջոցների հետ կապված հարցերում», - ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե ղարաբաղյան բանակցությունները կվերսկսվեն, երբ իրավիճակը հանդարտվի և կողմերը պատրաստ լինեն բանակցություններին։
Հավելենք՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։
Արցախը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ ռուսական քաղաքական օրակարգում, հատկապես որ Ղարաբաղում են ռուս խաղաղապահները, և Կրեմլը նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը ներկայացնում է որպես Մոսկվայի մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ։
Ռուսաստանցի փորձագետների մի մասի կարծիքով՝ Մոսկվան մտադիր է Լեռնային Ղարաբաղը դարձնել Աբխազիա կամ Հարավային Օսիա։
Քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը, մասնավորապես, ասում է, որ թեև Մոսկվան այսօր ակտիվորեն զբաղված է Ղարաբաղում իր խաղաղապահ դերի փիառով, պետք է արձանագրել, որ նա այդ դերն իսկապես ստանձնել է և վերջ է տվել դաժան պատերազմին։ Սակայն այսօր Մոսկվան ակնհայտորեն փորձում է Ղարաբաղը վերածել Աբխազիայի, Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի։
«Մոսկվան ուզում էր ստանալ ևս մեկ չճանաչված հանրապետություն, որը դե ֆակտո կլիներ Ռուսաստանի հովանու ներքո։ Ինչպես աբխազական քաղաքացիները, օրինակ, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Չեմ կարծում, որ այստեղ այդպես կստացվի։ Քանի որ Ղարաբաղը հակամարտության տարածքն է։ Բոլորովին թարմ հակամարտության։ Ամեն դեպքում, Մոսկվայի նման ցանկությունն ակնհայտորեն երևում է», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետը։