Մատչելիության հղումներ

Էրդողանը և Ալիևը Բաքվում զորահանդես են ընդունում


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Բաքվի զորահանդեսի ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2020թ․
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Բաքվի զորահանդեսի ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2020թ․

«Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Հակառակ դեպքում, այդ իրավիճակը՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, կարող էր շարունակվել ևս երեսուն տարի», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերով Բաքվի կենտրոնում մեկնարկեց Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթը, որին ներկա է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Հայրենական պատերազմի առաջին ժամերից մենք զգացել ենք Թուրքիայի աջակցությունը։ Էրդողանը առաջին ժամերից աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ասելով, որ մեր գործն արդար է։ Նրա միանշանակ, կոշտ հայտարարությունները այդ հարցում Ադրբեջանի ժողովրդին ուրախացնում էին։ Իմ եղբայրն ասում էր՝ այս պատերազմում Ադրբեջանը ճիշտ է, Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»,- ռազմական շքերթին հայտարարում էր Ալիևը։

Թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, Իլհամ Ալիևը իր խոսքում հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Մեկուկես ամիս տևած արյունալի պատերազմի ընթացքում Անկարան ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, այլ նաև ռազմական աջակցություն է ցուցաբերել Բաքվին, պատերազմի արդյունքներով էլ իր ռազմական ներկայությունն ապահովել տարածաշրջանում՝ ռուս զինվորականների հետ իրականացնելու դիտորդական առաքելություն։

Ելույթ ունենալով Բաքվի կենտրոնում՝ Թուրքիայի նախագահը Հայաստանին խորհուրդ է տվել խելք հավաքել»։ «Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։

Թուրք-ադրբեջանական, ինչպես անվանում են՝ «Հաղթանակի շքերթը» մեկնարկել է Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում։ Ադրբեջանցի զինվորականների հետ դրան մասնակցել են նաև թուրք զինվորականները, ըստ հաղորդումների՝ խոսքը թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման մասին է՝ 2 հազար 783 զինծառայող։ Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ հենց 2 հազար 783 ադրբեջանցի զինծառայող է սպանվել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այսօրվա զորահանդեսին մասնակցել է ավելի քան 3 հազար զինվորական, շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվել են նաև թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել պատերազմում։

Բաքվի «Ազադլըղ» հրապարակ է հանվել նաև պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զրահատեխնիկան։ Մինչ այդ էլ՝ արդեն վաղ առավոտից Բաքվի փողոցներում շրջում էր հսկայական բեռնատար մեքենա, որը ծածկված էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։

XS
SM
MD
LG