Մատչելիության հղումներ

Ժամանակավոր կառավարությունն, ըստ Մարուքյանի, պետք է ձևավորվի ազգային համաձայնության սկզբունքով


Ժամանակավոր կառավարությունն, ըստ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է ձևավորվի ազգային համաձայնության սկզբունքով։

«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Մարուքյանն ընդգծեց՝ բոլոր դերակատար ուժերը պետք է ունենան թեկնածուներ առաջարկելու հնարավորություն։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ -Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ժամանակավոր կառավարության ձևավորումն,՞ ինչ սկզբունքով։

Մարուքյան․ - Ազգային համաձայնության, այսինքն՝ բոլոր դերակատար ուժերը պետք է ունենան հնարավորություն՝ թեկնածուներ առաջարկելու, դրանք լինեն իրենց ոլորտներում հաջողության հասած մասնագետներ և այդ մասնագետները գան իրենց ներդրումը, նվիրումը ներդնեն, երկիրը կայունացնեն։ Կգա՞ նոր իշխանություն, կտեսնե՞ն էսինչ նախարարն առանց որևէ քաղաքական բանի լավ աշխատել է, կարող է պահեն, պահեն՝ շարունակեն աշխատել, ի՞նչ կա դրա մեջ։

«Ազատություն»․ - Դուք քննարկե՞լ եք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ընդունելի՞ տարբերակ է։ Բերվում է փաստարկ, որ նա չեզոք է, հետո չի հավակնի պաշտոնի, իսկ Դուք, եթե այս անցումային կառավարությունը ղեկավարեք, մեկ է, հետո էլի հավակնելու եք վարչապետ դառնալ։

Մարուքյան․ - Նախ ասեմ, որ Վազգեն Մանուկյանը կարող է մասնակցել ընտրություններին, դրա մեջ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Այո՛, եթե այդ մարդը չի մասնակցելու, իր կողքի բոլոր մարդիկ մասնակցելու են։ Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և կոնկրետ վարչապետի թեկնածուի համար պետք է կոնկրետ քաղաքական թիմ պատասխան տա, ինչի մասին մենք նաև իրազեկել ենք, երբ որ մեզ իրազեկում էին, որ իրենց թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, կոնսուլտացիաներն ընթացքի մեջ են, շփումներ կան, շփումներ կլինեն, էդ քննարկումների արդյունքում կտեսնենք։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա՝ Նիկոլ Փաշինյանը, որ հրաժարական տա, ո՞վ ավելի շատ շանս կունենա այս խորհրդարանի կողմից ընտրվելու։ Ուղղակի քանի որ իրազեկվել է, որ «կա թեկնածու, ի՞նչ կարծիքի եք», ասել ենք՝ «դե, մենք էլ ունենք թեկնածու»՝ մենք ընտրություններին մասնակցել ենք էդ ձևաչափով։ Բայց հիմա չկա վարչապետի թափուր պաշտոն, որտեղ պետք է թեկնածուներ առաջադրվի։ Այ, երբ, որ վարչապետը հրաժարական կտա, էդ ժամանակ էլ էդ հարցը կլինի արդիական։

«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ քաոս է առաջացնելու և իր եկած ճանապարհով իրեն հնարավոր չէ հեռացնել։

Մարուքյան․ - Դա իմ կարծիքն է, կարող է ես սխալվում եմ, բայց ես Փաշինյանին լավ ճանաչելով չեմ տեսնում, որ այդ ճանապարհով ինքը հրաժարական կտա։

«Ազատություն»․ - Իսկ ավելի անհավանական չէ՞, որ դա տեղի կունենա խորհրդակցությունների արդյունքում։

Մարուքյան․ - Ընդհակառակը՝ դա մի ճանապարհ է, որն ինքը չի կանխատեսում։ Ինքն ինչ կանխատեսում է, դա պետք չի անել, պետք է անել այլ բան, որ ինքը չի կանխատեսում․ լինի քաղաքական կոնսենսուս, օրինակ, ինձ լիազորում են քաղաքական բոլոր ուժերն, ասում են՝ «գնա, բանակցի, թող Փաշինյանը հրաժարական տա»։ Ես էլ էդ բեռն ինձ վրա վերցնեմ, բանակցեմ, Փաշինյանը հրաժարական տա։ Բայց, երբ խոսքը գնում է քաոսով, ցույցերով, անհանզանդության ակցիաներով Փաշինյանին հանել, ինքն էլ ասում է՝ «դրա մասնագետը ես եմ, ես գիտեմ դա ոնց են անում»։ Ինքն էլ հիմա կարող ա կոչ անի մի ուրիշ 100-200 հոգի էլ իր համար փողոցները փակեն։ Հետո ի՞նչ, Հայաստանը վերածելու ենք քաոսի՞։

«Ազատություն»․ - Դուք էլ գնում եք բանակցելու, ասում է՝ «խորհրդարանական մեծամասնությունն իմն է, նրանք պահում են ինձ որպես վարչապետ»։

Մարուքյան․ - Չեն պահում իրեն․ եթե խորհրդարանական մեծամասնությունը տեսնի, որ հնարավոր տարբերակ կա, որ կարող է վարչապետը հրաժարական տա և իրենց ոչ մի վտանգ չսպառնա, էդ պրոցեսը կարող է առաջ գնա։ Հետևաբար բոլոր իմ տեքստերը, խոսույթը, բառամթերքը, հռետորաբանությունը պետք է չլինի ուլտիմատումային տեքստեր, այլապես մենք ուղղակի փակուղային իրավիճակներում ենք հայտնվելու, որը հղի է բախումներով, արյունահեղությամբ և բազմաթիվ այլ պրոբլեմներով։ Ինչի մասին և խոսել ենք 18 թվականի հեղափոխության ժամանակ, որին չենք մասնակցել և խոսում ենք հիմա։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ 100 հազարներ փողոց դուրս չեն գալիս։

Մարուքյան․ - Ես չեմ կարող ասել, երկրում ռազմական դրություն է, մարդիկ սգի մեջ են, ոչ մի բանի հավես չունեն։ Նաև այդ առումով եմ ես ասում, որ էդքանը հասկանալով ինքը գիտի, որ էդ 100 հազարներին մենք չենք կարող հասնել և դրա համար ասում է՝ «ցույց եք անում, դե արեք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG