Արցախի ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկ Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Այվազյանը։
«Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Արա Այվազյանը մտահոգություն է հայտնել պատերազմի ընթացքում Արցախը լքած բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի կապակցությամբ:
Նախարարը հայտնել է, որ Ֆրանսիացի գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը: Այվազյանը հավելել է, որ արտահայտել է Հայաստանի մտահոգությունը, այդ թվում` հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի վերաբերյալ, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված:
Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ հանդիպման առանցքային հարցերից մեկն էր «Ղարաբաղի դեմ ագրեսիան, որը սանձազերծել է Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, և դրանից բխող ծանր իրավիճակը»: