Մատչելիության հղումներ

«Առանց Նիկոլ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել էին ճանապարհները


«Առանց Նիկոլ Հայաստան», - այսպիսի վանկարկումներով այսօր կեսօրից փակվել էին Երևանի մի շարք փողոցներ։ Ցուցարարներն անհնազանդության ակցիաներով պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթով շարժվում էին կենտրոնական փողոցներով, ապա մի քանի րոպե կանգ առնում բանուկ խաչմերուկներում։

Ցուցարարներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ, որոնք որոշ դեպքերում բանակցելով, բայց հիմնականում ուժի գործադրմամբ ակցիայի մասնակիցներին հեռացնում էին ճանապարհից։ Ակցիան հատկապես թեժ էր Մաշտոց, Ամիրյան փողոցներում, երբ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, այդ ժամանակ քաշքշոց սկսվեց նրանց ու համազգեստավորների միջև։

Մի քանի ժամ տևած ակցիայի ընթացքում ոստիկանություն է տարվել 90 ցուցարար։ Ոստիկանության լրատվականից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալված անձ չկա, հասարակական կարգը խախտելու համար արձանագրություն են կազմել ու մի քանի ժամվա ընթացքում ցուցարարներն ազատ արձակել։

Անհնազանդության ակցիաների մասին ընդդիմությունը՝ «Հայրենիքի փրկության շարժումը», հայտարարեց շաբաթ օրվա հանրահավաքի ավարտին։ Շարժումը համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանին հեռանալու վերջնաժամկետ են տալիս մինչև այսօր ժամը 12-ը, եթե հրաժարական չտա, անհնազանդության ակցիաներ են անելու։ Այսօր վերջնաժամկետը լրանալուց րոպեներ անց Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց մասնակցել անհնազանդության ակցիաներին և սադրանքներին չտրվել:

«Չտրվեք սադրանքների, ամեն ինչ պետք է լինի օրինականության և Սահմանադրության շրջանակներում: Մեկ անգամ ևս դիմում են Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանը և պետականությունը, գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը», - նշեց Սաղաթելյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության գործադիր մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, որը մի պահ մասնակցում էր երթին, մեզ հետ զրույցում ասաց՝ անհնազանդության ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը հեռանա:

«Շարունակելու ենք քաղաքական պայքարի բոլոր օրենսդրական միջոցներով հասնել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականին», - ասաց Գալստյանը:

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, վարչապետը իրականությունից կտրված է և չի ուզում տեսնել, որ հանրության մեջ չկա մեկը որը հաշտվի այն ամենի հետ՝ ինչ արեց Փաշինյանը։

«Պետք է վայրկյան առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից և նրա վարչախմբից, բայց ես նաև ուզում եմ անել երկրորդ հաստատումը, որ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը այսօր իշխանություն ունի, խորապես սխալվում է: Այս խայտառակ պարտությունից հետո ուղղակի պետք է իր բարոյականության փշրանքները հավաքեր ու հեռանար, բայց կարծեց թե Նիկոլ Փաշինյանը համառում է, բայց իրականում իշխանությունը հոգեվարքի մեջ է, և Հայաստանում իշխանություն չկա», - նշեց նա:

Կեսօրից սկսված անհնազանդության ակցիաները նախատեսված էին մինչև ժամը 17։00-ն։ Հետագա անելիքների մասին դեռ տեղեկություններ չկան։

XS
SM
MD
LG