Մատչելիության հղումներ

Գյումրիում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի մոդելավորմանը


Գյումրիի ավիամոդելավորողների խմբակում պատերազմի ընթացքում ու դրանից հետո սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի մոդելավորմանը։ Այն, որ վերջին պատերազմում Ադրբեջանին հսկայական առավելություն տվեցին հարվածային անօդաչու թռչող սարքերը, փաստել են բազմաթիվ հեղինակավոր ռազմական փորձագետներ։

Գյումրիում արդեն չորս տարի գործող ու մոտ 30 աշակերտ ունեցող խմբակի ղեկավար Խաչատուր Թադևոսյանն ասում է՝ հաջողության հասնելու համար նախ պետք է սկսել ուսուցումից, հետո թիմ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործընթացի շարունակությունը մինչև ռազմական նպատակներով անօդաչուների ստեղծում. «Հիմա խմբակներն ենք առաջին քայլով բացում, անօդաչու թռչող սարքեր արտադրում ենք զուտ ուսումնական նպատակների համար, այսինքն` սովորում են վարել, ծրագրավորել: Իրենք որպեսզի ռազմական պայմաններում կիրառելի լինեն, արդեն այլ պայմաններ, այլ միջոցներ են պետք, լրիվ ուրիշ բան է, բայց մեկ է` ինչ էլ անենք, սկիզբը սա է: Այսինքն` մեր նպատակն էլի դա կա, բայց ուղղակի այս պահին ամենակարճ ճանապարհը սա է»:

Ավիամոդելավորողների խմբակի ղեկավարը պատմում է՝ պատերազմի օրերին ավելի մեծ տարիքային խմբերի հետ են աշխատել ու ուսուցանել անօդաչուների պատրաստման ամենապարզ մոդելները: Ռազմական կիրառության համար անօդաչուներ ստեղծելը դեռ գործի կեսն է, պետք է նաև դրանք կիրառող մասնագետներ պատրաստել. «Որպեսզի անօդաչու թռչող սարքը զենք դառնա, ինքը նախ և առաջ պետք է կիրառելի լինի, այսինքն` զինվորը պետք է կարողանա այն օգտագործել, բայց դա էլ դեռ բավական չէ: Ռազմական տեխնիկան ինչպես է, մինամյոտը կարելի է 5 կամ 10 տարի դնել պահեստում, հետո հանել ինքը կկրակի, իսկ անօդաչու թռչող սարքն այդպես չէ, դա ամեն օր պետք է շահագործվի, կատարելագործվի, համապատասխանեցվի, ներդաշնակվի զինատեսակի զորքի հետ: Շատ բարդ պրոցես է: Հիմա աշխարհի մակարդակով էլ է, այնպես չէ, որ հեշտ ստացվում է: Նույնիսկ այն երկրները, որ շատ մեծ քանակությամբ թռչող սարքեր ունեն, էլի մասնագետի խնդիրը համար մեկ տեղում է, այսինքն` ավելի դժվար է մասնագետ պատրաստելը, քան թռչող սարքը պատրաստելը»:

Խաչատուր Թադևոսյանը, ուսումնասիրելով խոցված անօդաչուները, եկել է այն համոզման, որ անօդաչուների համար անհրաժեշտ բոլոր սարքերը պետք է հայկական արտադրության լինեն, ոչ թե արտերկրից գնվեն: Նկատենք, որ անօդաչուների միջազգային շուկայի հիմնական դերակատարները Չինաստանը, Թուրքիան և Իսրայելն են, վերջին երկուսի արտադրածն էլ Ադրբեջանը լայնորեն կիրառում էր վեց շաբաթ տևած ռազմական գործողությունների ընթացքում. «Ամեն սարքը, որը դրվում է թռչող սարքի վրա, իրենք հիմնականում եթե ռազմական տեխնիկայի համար են օգտագործվում, իրենք հենց այդ նպատակով էլ արտադրվել են, այսինքն` այդ սարքերից եթե մենք շատ էլ ունենանք, մեզ ոչինչ չի տալու: Մեր ունեցածով պետք է այդ ամեն ինչը կազմակերպենք, թեկուզ զենքն ինչ-որ խնդիրներ ունենա կապի, անվտանգության ոլորտում ապահովության, բայց իր կիրառելիությամբ պետք է մաքսիմում հարմարեցված լինի Հայաստանի պայմաններին, օգտագործողին` զինվորին: Առաջին հերթին զինվորը պետք է կարողանա դա կիրառել»:

Ավիամոդելավորման խմբակում դասավանդող Սամվել Հովհաննիսյանը վստահ է՝ Հայաստանում անօդաչուներ ստեղծելու ներուժ կա. «Մենք աերոդինամիկան այստեղ տիրապետում ենք, անում ենք: Եթե թուրքը կարող է դեսից-դենից` մի տեղից օպտիկան, մի տեղից շարժիչներ, մի տեղից աերոդինամիկան բերի, հավաքի, օգտագործի, որ մեծագույն վնաս է, պատերազմի ելքը կարելի է ասել` դրանք որոշեցին, մենք արդյոք չենք կարող գոնե մոդելը, որը մենք կարող ենք այստեղ պատրաստել, իսկ օպտիկան և շարժիչները գնել դրսից: Ինչ-որ չափով մենք ավելի էժան կարող ենք հասնել, քան թուրքերն են հասել»:

12-ամյա Թամարա Հովհաննիսյանը դեռ չի կողմնորոշվել՝ ավիամոդելավորմամբ լրջորեն կզբաղվի, թե ոչ, բայց սիրով է գալիս խմբակ. «Ըսիկ իմ չորրորդ մոդելս է, բայց սենց մեծ հլը չեմ սարքել»:

10-ամյա Լյովա Մելքոնյանն արդեն պատրաստի մոդել ունի: Պատից իջեցրեց ու ցույց տվեց, թե իր ձեռքով ինչ է ստեղծել. «Ինքը կարող է բարձրանալ 4 կիլոմետր, գնում է 90-80 կմ/ժամ արագությամբ և կարող է նկարել, թե ինչ է կատարվում ներքևում»:

Հայաստանում ավիամոդելավորման 100-ից ավելի խմբակներ կան։ Պահանջարկը մասնագիտության նկատմամբ մեծանում է: Օրինակ` Գյումրիի խմբակն արդեն Ալավերդիում ու Վանաձորում մասնաճյուղեր է բացել, ևս մեկն էլ Երևանում կգործի։

XS
SM
MD
LG