ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ողջունել են Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները կոչ են արել հակամարտության գոտուց անհապաղ և ամբողջությամբ հեռացնել բոլոր օտարերկրացի վարձկաններին:
Համանախագահող երեք երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական օրենքով ստանձնած պարտավորությունները կատարելու և, մասնավորապես, այդ օրենքներին համահունչ եղանակով գերիների և զոհվածների աճյունների փոխանակումն իրականացնելու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարևորում են տեղահանվածների և փախստականների, այդ թվում՝ վերջին մարտերի բերումով բնակավայրերը լքած մարդկանց վերադարձն ապահով և արժանապատիվ եղանակով երաշխավորելու անհրաժեշտությունը: Եռյակն ընդգծում է շրջանի պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտությունը:
Համանախագահող երեք երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտվել հրադադարի հնարավորությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցել հարատև խաղաղություն երաշխավորող պայմանագրի շուրջ: Նրանք հորդորում են կողմերին հնարավորինս արագ տարածաշրջանում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և վերահաստատել բովանդակային բանակցություններով ու համաձայնեցված ժամանակացույցով առկա հիմնահարցերը բացառապես խաղաղ եղանակով կարգավորելու ձգտումը: