Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ փոխվարչապետի գրասենյակի, հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցեր:
Ավինյանը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Փոխվարչապետն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:
Նշենք, որ երեկ Ադրբեջանն էր նաև հայտարարել, որ «սատարում է բոլոր գերիների և պատանդների փոխանակմանը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով» :
Դեսպան Կոպիրկինն այսօր նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը:
Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը։