Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 հազար փախստականներ են նոյեմբերի 14-ից մինչ օրս վերադարձել Լեռնային Ղարաբաղ, որոնցից ավելի քան 1100-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները, բոլոր վերադարձածների թիվը, ըստ Արցախի պատկան մարմինների, կրկնակի ավելի է։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը: Բեռը ներառում է ավելի քան 3 հազար տաք ծածկոց: Բեռն ուղարկվել է Ստեփանակերտում մարդասիրական օգնության բաշխման կետ և շուտով կփոխանցվի քաղաքի բնակիչներին», - ասել են գերատեսչությունից:
Նաև ավելի վաղ ուղարկված շինանյութի մի մասը կուղարկվի Մարտունի քաղաք: Մոտ 6,5 տոննա մետաղական պրոֆիլներ և ավելի քան 1,2 տոննա փայտանյութ բաժանվելու են բնակիչներին՝ տները վերականգնելու համար։