Մատչելիության հղումներ

«Էլ ո՞ւր դիմեմ, որ որդուցս լուր ունենամ». անհետ կորածի հայր


Բողոքի ակցի Ռուսաստանի դեսպանատան մոտ, 29-ը նոյեմբերի, 2020թ․
Բողոքի ակցի Ռուսաստանի դեսպանատան մոտ, 29-ը նոյեմբերի, 2020թ․

Երևանին լրիվ անծանոթ քաշաթաղցի Ռաֆայել Սուլթանյանն արդեն չգիտի՝ էլ ինչ դուռ ծեծի, որ անհետ կորած զինվոր որդուց մի լուր իմանա։

«Ժողովրդին փափուկ բարձ են դնում, ասում են՝ գնացեք, կլինի, մինչև ե՞րբ կլինի», - ասաց Սուլթանյանը:

Նա այսօր մասնակցում էր մշակույթի գործիչների նախաձեռնած երթին։ Քաշաթաղի բնակիչը պատմեց, որ հենց ռազմական գործողությունների առաջին օրն է 34 տարեկան որդին զորակոչվել, այդ օրվանից էլ որևէ լուր ընտանիքը նրանից չի ստացել։

«Ես ինքս փախստական եմ Ադրբեջանի, 1988 թվականին փախել եմ: Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ես ոչ մի տեղեկություն չունեմ: Իրանց, ընդհանրապես էդ շրջանի զորամասն ուղարկում էին Ջաբրայիլ: Ընդունելություն էի գրել, էս 2 շաբաթ ա սպասում եմ էդ ընդունելությանը, վարչապետի մոտ պիտի ընդունելության մտնեի, մինչև հիմա պատասխան չկա», - նշեց Սուլթանյանը:

Մշակույթի գործիչները ռամագերիների վերադարձի պահանջով ոչ քաղաքական ակցիա են իրականացնում

Ռազմագերիներին ազատ արձակելուն աջակցելու պահանջով մշակույթի գործիչների կազմակերպած այսօրվա երթը դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն էր։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրին հանձնած նամակում նրանք խնդրում են նպաստել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների արագ վերադարձին և անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին։

Դերասան Աշոտ Ղազարյանն էլ էր մասնակցում երթին։ «Իշխանությունը պիտի անի, շատ բան պիտի անի, դե հիմա էդ մարդիկ լռում են, գոնե մենք ինչ-որ բան պիտի շարժենք: Գալիս եմ նկարահանման հրապարակ, տեսնում եմ, որ ոչ ոք տրամադրություն չունի, տեսարան կա ժպտում ես, ուրախ խոսում ես, բայց ներսդ վառվում ա», - ասաց Աշոտ Ղազարյանը:

Երեկ էլ մշակույթի գործիչները նույնաբովանդակ նամակ են հանձնել համանախագահ երկիր Ռուսաստանի դեսպանություն։ Հավաքի կազմակերպիչներից դերասան Հրանտ Թոխատյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դիմելու են նաև Միացյալ Նահանգների դեսպանություն, նաև Հայաստանի կառավարություն։

«Մենք նամակը գրում ենք բոլոր էն մարդկանց անունից, որոնք որ հիմա այստեղ են, կամ որոնք որ աջակցում են, այսինքն՝ կուզեին էստեղ լինել, բայց ֆիզիկապես հնարավորություն չունեն։ Բովանդակությունը, բնականաբար բոլոր դեսպանատներին մեկն է՝ աջակցեն տվյալ պետությանը, ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա։ Ի վերջո, եթե նկատեցիք, մենք գնում ենք այն դեսպանատներ, որոնք Մինսկի խմբի համանախագահներ են», - ասաց Թոխատյանը։

Երթի կազմակերպիչները շեշտում են՝ սա քաղաքական ակցիա չէ, նպատակ ունեն այս կերպ իրենց ձայնը բարձրացնել թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ աշխարհի առջև՝ շուտափույթ տուն վերադարձնելու գերության մեջ հայտնվածներին, պարզելու անհետ կորածների ճակատագրերը։

Այսօր նույն հարցով Ռուսաստանի նախագահին է դիմել Հայաստանի նախագահը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը իր նամակում նշել է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

«Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում»,- Պուտինին ուղղած իր նամակում գրում է Արմեն Սարգսյանը։

Արցախում պատերազմի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն պետք է իրականացվի ռազմագերիների փոխանակում, այդուհանդերձ պատերազմի ավարտից 20 օր անց էլ այս գործընթացը չի իրականացվել։ Կողմերը ռազմագերիների վերադարձման մասին որևէ ժամկետ չեն նշում, չեն հրապարակում նաև ռազմագերիների թիվը։

Օրերս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական Բաքվին է մեղադրել ռազմագերների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը արհեստական ձգձգելու համար։

Այս հարցով Արցախի նախագահն էլ այսօր հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց։ Հարությունյանը ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների համագործակցության արդյունքում կատարվող աշխատանքները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

«Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ», - ասել է Արցախի նախագահը:

Ավելի քան 5 տասնյակ հայաստանցի ռազմագերու հարցով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունն ու իրավապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Դատարանն ընդունել է այդ դիմումները և որոշումներ կայացրել դիմել պաշտոնական Բաքվին՝ տեղեկատվություն հայցելով ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների պահման, առողջության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG