Տասնյակ հազարավոր մարդիկ երեկ հրաժեշտ են տվել հանճարեղ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային: Նրա դին Արգենտինայի նախագահի համալիրից՝ Casa Rosada-ից, պետական պատիվներով փոխադրել են Bella Vista գերեզմանոց, որտեղ հուղարկավորել են հանգուցյալ ծնողների կողքին:
Գերեզմանոց տանող ճանապարհին մարդիկ լացով, երգերով և ծափողջույններով են ճանապարհել Մարադոնային, ով համարվում է համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում ամենատաղանդավոր մարզիկներից մեկը:
Հանճարեղ ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 25-ին սրտի կաթվածից: Տարիներ շարունակ նա ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ծագել են անառողջ ապրելակերպի հետևանքով:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Արգենտինայի պետական դրոշը ծածկել են Մարադոնայի ավանդական «10» համարի ժապավենով:
Մարադոնայի մահվան կապակցությամբ հուզիչ հայտարարություններով հանդես են եկել արդիական ֆուտբոլի գերաստղեր Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
«Շատ տխուր լուր է, Աստված ուժ տա նրա ընտանիքին և բարեկամներին, հավատում եմ, որ մենք մի օր դրախտում միասին գնդակ կխաղանք»,- ասել է «ֆուտբոլի արքա» Պելեն:
Մարադոնայի հոգու հանգստության համար է աղոթել ծագումով արգենտինացի, ֆուտբոլի մեծ երկրպագու Հռոմի Ֆրանցիսկոս պապը: