Մատչելիության հղումներ

Խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, շեշտում է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը։

Այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, որի մասին խոսք չկա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում։

«Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:», - ասել է վարչապետը:

Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ տվյալ պահին ավելի օպերատիվ կերպով պետք է լուծվեն գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը:

«Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա», - ասել է Փաշինյանը՝ ընդգծելով․ - «Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի»:

«Չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով»

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետներից, Փաշինյանն ասել է, որ չի կարծում, թե այդ ժամկետը կսահմանափակվի 5 տարով։

«Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով:Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը», - ասել է վարչապետը:

«Ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում»

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում ներքաղաքական վիճակը, հատկապես որ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հնչում են հրաժարականի կոչեր, վարչապետը պատասխանել է․ - «Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»:

Փաշինյանն ընդգծել է՝ հիմա կառավարության, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության, ներքին և արտաքին անվտանգության վերականգնումը:

«Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այսօր նաև կարևոր է առաջին հերթին չսրել իրավիճակը, չվատթարացնել այն:

«Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում», - ասել է Փաշինյանը:

«Շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար»

Անդրադառնալով զոհվածների, անհետ կորածների թվին, փախստականների խնդրին վարչապետը նշել է, որ զոհվածների թիվը պարբերաբար հրապարակվել է և հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում:

«Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն: Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին», - ասել է Հայաստանի վարչապետն ՝ ընդգծելով՝ պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ գործ ունեն մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

«Տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է»

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, Փաշինյանը նշել է, որ տնտեսական իրավիճակն, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ:

Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն պետք է հաշվել վնասներն, այլև կոնկրետ քայլեր կատարել՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար:

«Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ», - ասել է Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում»

Հարցին, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել, Փաշինյանը պատասխանել է․ - «Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է»:

Դիտարկմանը, թե ակնկալվում է նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում, Փաշինյանն այսպես է արձագանքել․ - «Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը»:

«Պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու մենք հասանք այս իրավիճակին»

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե Հայաստանում բողոքական տրամադրությունները կարող են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

«Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում»:

«Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման քաղաքական պայմանավորվածությունը, կարող է ելակետ դառնալ»

ՏԱՍՍ-ի դիտարկմանը, թե համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում և հարցին, թե կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար, Փաշինյանը պատասխանել է․ - «Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG