Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` «Երևանի խնդրանքով»


Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսօր ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

Բորտնիկովը նշել է, որ ռուսական կողմն այդ որոշումը կայացրել է Երևանի խնդրանքով. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման մասին ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքը` Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»։

Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմը տեղեկացվել է այս քայլերի մասին: «Անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է նա, հավելելով՝ մինչ օրս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև սուր խնդիրներ չեն ծագել։ «Անհրաժեշտ հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև փոխգործակցության, ինչպես նաև սահմանապահ կառույցների միջև կարգավորվել են, տեղի է ունենում տեղեկատվության մշտական փոխանակում թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետ»,- Պուտինին զեկուցել է Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրենը:

XS
SM
MD
LG