Իշխող «Իմ քայլը» արդեն երկու անգամ տապալել է ընդդիմադիրների արտահերթ նիստ հրավիրելու փորձը, վերջինը՝ նոյեմբերի 17-ին, երբ իշխանական պատգամավորները չներկայացան Ազգային ժողովի խորհդի նիստին։ Հենց Ազգային ժողովի խորհուրդն է ամեն նիստից առաջ հաստատում դրա օրակարգը։
Ընդդիմադիրները «ԱԺ կանոնակարգ» օրենքը նորից են նայել ու խորհրդի նիստը շրջանցելու տարբերակ են գտել։
«Մի հատ տարբերակ ենք գտել, որ եթե խորհուրդը չի հավաքվում, քվորում չի ապահովվում, նորից ստորագրություններ հավաքելով հինգ օր հետո կարողանում ենք միանգամից նիստ մտցնել։ Բայց այդ պարագայում էլ իշխող ուժը կարող է չներկայանալ, դահլիճ չգալ, հիմա էլ դահլիճում քվորումը չապահովել։ Հիմա դա էլ ենք փորձելու, բոլոր մեխանիզմները փորձելու ենք», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
Ընդդիմադիրները իշխանության առանձին պատգամավորների հետ չեն բանակցում իրենց անհրաժեշտ ձայներն ապահովելու համար։ Իսկ իշխանությունից շարունակում են նույն կարծիքին մնալ՝ դեմ են սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրության չեղարկմանը։
«Ռազմական դրության նախագիծ բերել է Կառավարությունը, մենք Կառավարության գնահատականով և պահանջով ենք այդ որոշումը ընդունել։ Մենք հիմա չունենք Կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու», - հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը։
Ռազմական դրության չեղարկումից հետո ընդդիմադիրների օրակարգում վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է։ Օրենքը նման հնարավորություն չի տալիս, քանի դեռ երկրում ռազմական դրություն է։ Ի թիվս այլ կուսակցությունների, հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» ասում է, որ շարունակելու են օգտագործել ոչ միայն խորհրդարանական գործիքակազմը, այլ նաև փողոցային պայքարը։
Հարցին, թե ինչու ԲՀԿ առաջնորդը հանրահավաքներին անձամբ չի մասնակցում, խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց․ - «Ծառուկյանի մասնակցության հարցով որևէ խնդիր մենք չունենք։ Դուք տեսնում եք, որ հանրահավաքներից հինգ րոպե առաջ, կես ժամ առաջ, երկու ժամ առաջ մարդկանց հրավիրում են ԱԱԾ, Հատուկ քննչական ծառայություն։ Այսինքն՝ ֆիզիկապես մարդը ներկա լինելու հնարավորություն պիտի ունենա»։
«Լուսավոր Հայաստանը» վերահաստատում է նախկինում հրապարակած իր ճանապարհային քարտեզն ու նշում, որ Փաշինյանը օր առաջ հեռանալը անխուսափելի է՝ շեշտելով սակայն, որ իրենք հակասահմանադրական որևէ գործընթաց չեն սկսի։
«Չի կարող էս փաստաթուղթը ստորագրած վարչապետը ապագայում սրանից քաղի դրական, հայանպաստ տեքստեր։ Իսկ էս պրոցեսները շատ արագ են ընթանում, վերջնաժամկետները շատ արագ են սահմանված։ Չի լինի էդպես, որ վեց ամիս մնա, հետո ինչ-որ մեկը գա փորձի սա․․․ Սա պետք ա արագ անել, որ էն անորոշ կետերը, որոնք որ կան, ի օգուտ մեզ մեկնաբանվեն», - ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Լենա Նազարյանը ընդդիմադիրներին հակադարձում է՝ այս իրավիճակում երկրում կայունացնող գործոնը հենց Նիկոլ Փաշինյանն է, և «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ իշխող կուսակցությունից լինի․ - «Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանի գործոնը ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»։
Ի դեպ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր հայտարարեց, թե վերջին օրերին ուղիղ սպառնալիքներ է ստացել Նիկոլ Փաշինյանի աջակիցներից, որոնք երեկ Հանրապետության հրապարակում կարճատև հավաք էին կազմակերպել։ Մարուքյանն արդեն դիմել է իրավապահներին։