Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Գրառման համաձայն` խոսքը ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։
Հոլանդացի պատգամավորների որոշումը կտարածվի նաև ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի վրա՝ այդ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով:
Անցած ամիս Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթը համապատասխան բանաձև էր հեղինակել, որում ասվում է՝ Անկարան պատերազմ է հրահրում և ստեղծված իրավիճակում «մեծագույն պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որին պետք է վերջնագիր ներկայացվի»։