Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, շեշտում է Փոմփեոն

Թուրքիա - ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը Ստամբուլի օդանավակայանում դիմավորում է պետքարտուղար Մայք Փոմփեոյին և նրա տիկնոջը, 16-ը նոյեմբերի, 2020թ.
Թուրքիա - ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը Ստամբուլի օդանավակայանում դիմավորում է պետքարտուղար Մայք Փոմփեոյին և նրա տիկնոջը, 16-ը նոյեմբերի, 2020թ.

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ զրույցում։ Նախօրեին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ֆրանսիական մայրաքաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանյուել Մակրոնի և արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

«Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», - Le Figaro-ի հետ զրույցում շեշտել է Փոմփեոն: Պետքարտուղարը հատուկ ընդգծել է՝ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։

«Նախագահ Էմանյուել Մակրոնը և ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», - ասել է պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաև Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում և Միջերկրական ծովում։

«Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Փարիզում ֆրանսիական իշխանությունների հետ քննարկումների մասին հավելյալ մանրամասներ են պատմել ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։

Աղբյուրի համաձայն՝ Փոմփեոն Մակրոնի և Լը Դրիանի հետ մանրակրկիտ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայից ավելի շատ հստակություն են ակնկալում Ղարաբաղում հաստատված հրադադարի և պայմանավորվածությունների, ինչպես նաև այդ գործընթացում Անկարայի դերակատարության վերաբերյալ։

Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Անցած շաբաթ պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ, պնդելով, որ այդ հարցի շուրջ կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ նրանք համակարծիք են՝ շարունակում են հանձնառու լինել իրենց միջնորդական առաքելությանը։ Նրանք նաև ընդունում են, որ Ռուսաստանի գործողությունների շնորհիվ հաստատվել է հրադադար, որն արդեն պահպանվում է մեկ շաբաթ, բայց նաև ակնկալում են, որ Ռուսաստանը հստակեցնի բազմաթիվ հարցեր՝ ինչպես համաձայնության չափանիշների, այնպես էլ թուրքերի դերակատարության հետ կապված», - պատմել է ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ Փոմփեոն և Լը Դրիանը քննարկել են Թուրքիայի մտահոգիչ գործողությունները։

Պետքարտուղարը, սակայն, Թուրքիայի մտահոգիչ գործողությունները դաշնակից այդ երկրի բարձրագույն իշխանությունների հետ անձամբ չի քննարկի:

Երեկ Ստամբուլ ժամանած Փոմփեոն որևէ հանդիպում չի ունենա ոչ նախագահ Էրդողանի, ոչ էլ արտգործնախարար Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների ֆոնին Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու Թրամփի վարչակազմում իր վերջին արտասահմանյան ուղևորության շրջանակում Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG