Մատչելիության հղումներ

Մեկ տարի Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները


Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Այս մասին այսօր նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար:

Հաջորդ ծրագրով այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG