Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարել ԼՂ-ում խաղաղապահ առաքելության վերաբերյալ


Ռուսաստանի ու Թուրքիայի աշխատանքային խմբերը Անկարայում այսօր բանակցություններ են վարել Ղարաբաղում «ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու համար»: «Հյուրիթ դեյլի նյուսը» հաղորդում է, որ Ռուսաստանի 20 հոգանոց պատվիրակությունը Անկարա է ժամանել նոյեմբերի 13-ի առավոտյան։ Նրանք իրենց թուրք գործընկերների հետ հանդիպումներ են ունեցել Արտաքին գործերի, հետո Պաշտպանության նախարարություններում:

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը ռուսական պատվիրակության հետ հանդիպել է աշխատանքային ճաշի ընթացքում, որից հետո խմբերը Պաշտպանության նախարարությունում սկսել են տեխնիկական հարցեր քննարկել։ Ակնկալվում է, որ Անկարայից հետո նրանք այցելելու են Բաքու` Ադրբեջանի հետ ճշտելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի պայմանները։

Թուրքական մամուլը գրում է, որ կենտրոնի տեղակայման ու պայմանների վերջնական որոշումն Ադրբեջանն է ընդունելու որպես հյուրընկալող երկիր։ Այս կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռավար ստորագրել են նոյեմբերի 10-ին` Ղարաբաղում կրակը դադարեցնու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունից անմիջապես հետո։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի խորհրդարանի պլանավորման ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է, թե սպասում են, որ Ռուսաստանից աշխատանքային մեծ խումբ է ժամանելու՝ միասին քննարկելու տեխնիկական ու մարտավարական հարցեր։ «Այն նպատակները, որին մենք ձգտում ենք հասնել Ադրբեջանում, մշտական հրադադարն է, կայունության և խաղաղության ապահովումը, աջակցել բարգավաճմանը ու բացել սահմանները, որ ոչ մեկը աչք չդնի մյուսի շահերի վրա», -ասել է նա։

Պատերազմի վերջին օրերին Թուրքիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները կրկին Բաքվում էին, նրանք Անկարա են վերադարձել պատերազամի ավարտի մասին հայտարարությունից հետո։ Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վերադառանալուց առաջ Բաքվում մամուլի ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է նաև Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով ռուս-թուրքական համատեղ կենտրոնին։ Նա ասել է, որ այդ կենտրոնը դրոնների ու այլ միջոցներով վերահսկելու է տարածքը։ Քննության է վերցնելու կողմերի բողոքները և միջոցներ է ձեռնարկելու` կանխելու հրադադարի ռեժիմի խախտումները։

«Հուսով ենք` այդ կենտոնը իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ կայունությունն ու խաղաղությունը օգուտներ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում և Հայաստանին։ Նա նաև ասել է, թե կառավարությունը հնարավոր է` դիմի խորհրդարանին թուրքական զորքերը սահմանից դուրս տեղակայելու անհրաժեշտ թույլտվություն ստանալու համար։

Ռուսաստանն ամեն անգամ հարկ է համարում ընդգծել, որ խաղաղապահ առաքելությունը և ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տարբեր բաներ են, վերջինս տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և իրականացնելու է դիտորդական, հրադադարի ռեժիմը վերահսկող գործունեություն, բուն խաղաղապապահ առաքելությանը Թուրքիան չի մասնակցեու, այն իրականացնելու են միայն Ռուսաստանի զինվորականները։

XS
SM
MD
LG