Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել


Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի բողոքը և նրան 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել։ Վերաքննիչ բողոքը ներկայացրել էին փաստաբաններ Արթուր Պիվազյանն ու Կարեն Մեժլումյանը:

«Ազատության» հետ զրույցում Արթուր Պիվազյանն ասաց, որ Սարգսայնն արդեն ազատության մեջ է:

33-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։ Ըստ իրավապահների՝ նա նաև Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով՝ նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար դոլար արժողությամբ 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։

2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, երբ հարուցվեց քրեական գործը, հայտնի դարձավ, որ պաշտոնաթող նախագահի եղբորորդին հեռացել է Հայաստանից։ Ըստ քրեական գործի` Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել էր Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ Հայաստանը լքելը՝ իր թիկնապահի միջոցով ոմն Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին իր թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել էր իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն` այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկային և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Ալեքսանդր Սարգսյանի որդու նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, ամիսներ անց նա հայտնաբերվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց Չեխիան բավարարեց նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

XS
SM
MD
LG