Մատչելիության հղումներ

Արցախի միջազգային ճանաչումը դառնում է առաջնահերթություն, շեշտում է վարչապետը


«Ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի», - քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ այս գիտակցությամբ է ստորագրել «այս տխրահռչակ փաստաթուղթը»։

Վարչապետի խոսքով՝ 25 հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, իսկ այդ զինվորի կյանքը սպառնալիքի տակ էր։

«Հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։ Այս գիտակցությամբ եմ ստորագրել այս տխրահռչակ փաստաթուղթը, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը մեծացնում է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, նաև ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր զինվորների կյանքը», - ասաց վարչապետը։

Եկել է հայրենիքի ժամանակը, հանուն հայրենիքի ոչինչ չխնայած զինվորների համար գնալ զոհողության, ասաց վարչապետը՝ նշելով՝ փաստաթուղթը ստորագրել է նաև այս գիտակցությամբ։

Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակում հարցը ոչ թե օրերի և շաբաթների տուրույթ էր մտել, որտեղ կարելի էր խորամանկել, խուսանավել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր պրոսեց սկսվել, որը, ըստ Փաշինյանի, կավարտվեր զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ։

Իսկ թե ինչո՞ւ հրաժարական չի տվել փաստաթուղթը ստորագրելուց խուսափելու համար, Փաշինյանը պարզաբանեց․ - «Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, որ Փաշինյանն այնքան հայրենասեր էր, որ փոստաթուղթը չստորագրեց, իսկ այս մյուսը թուլամորթ էր՝ ստորագրեց»։

Փաշինյանը նշեց, որ «փաստաթուղթն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ ավելի վատացնել իրականում»։ Մեղրին հանձնելու մասին խոսակցությունները վարչապետը բացարձակ անհերթերություն որակեց։

Վարչապետն ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցով անելիքները չեն փոխվում և Արցախի միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն և Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։

XS
SM
MD
LG