Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ


Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են արտահայտել առկա ռիսկերի վերաբերյալ, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման իրենց տեսլականը:

Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։

Նախագահ Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախագահին ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:

Այնուհետև Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանին, Էդուարդ Շարմազանովին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը և վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանն են այնուհետև հանդիպել Արմեն Սարգսյանի հետ` ընդգծելով միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

XS
SM
MD
LG