Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ բուժում ստացող 40 հազար 569 կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 897-ն ծանր, 188-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, 73-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք:
Նախարարն ընդգծեց, որ արհեստական շնչառության սարքի պակաս Հայաստանը չունի։ «Սարքի պակաս չունենք, ձեռքբերումներն արել ենք և դեռ շարունակում ենք անել», - ասաց Թորոսյանը։
Սակայն, ըստ նախարարի, Հայաստանում այս պահին թթվածնի դեֆիցիտ կա։
«Հիմա համաշխարհային դեֆիցիտ կա, և գիտեք, որ թթվածինն արտադրվում ու սպառվում է և հնարավոր չի երկար տեղափոխել, կամ ներկրել։ Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են, այսպես ասած, սահմանի վրա, ռուսերեն՝ на пределе: Մենք տիտանական ջանքեր են գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի և նաև փորձում ենք նոր հզորություններ ձեռքբերել», - նշեց Թորոսյանը։
Նախարան ասաց, որ Հայաստանը թվվածնի 4 մեծ կայան է ձեռք բերել, 500 հատ էլ թթվածնային խտացուցիչ։
Առողջապահական գերատեսչության ղեկավարը նաև հայտնեց, որ իրենք մինչ օրս արձանագրել են կրկնավարակի 343 դեպք։
Հարցին, թե հնարավո՞ր է դա ոչ լիարժեք բուժման հետևանք լինի, նախարարը պատասխանեց, որ հավանականությունը շատ փոքր է։ «Դրանք եղել են դրական, հետո բացասական, հետո մեկ ամիս ինտերվալ առնվազն, հետո նոր դրական», - եզրափակեց Թորոսյանը։