Մատչելիության հղումներ

Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով. ասել է նախագահ Արմեն Սարգսյանը


Թուրքիան բացարձակապես բացասական դեր է խաղում արցախյան պատերազմում, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին տված հարցազրույցում:

Նախագահն ընդգծել է՝ եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի:

«Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի», - ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից»:

Մյուս խաղաթուղթն, ըստ Հայաստանի նախագահի, փախստականներն են:

«Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞: Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա: Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ: Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում... Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են», - ասել է նախագահը:

Հարցին, թե պատերազմի ներկա փուլում դեռ հնարավո՞ր է բանակցել, Արմեն Սարգսյանը պատասխանել է․ - «Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին, որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ, վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն: Մի օրինակ, Թուրքիան Ցեղասպանության ժամանակ կոտորեց 1,5 մլն հայ: Կարծո՞ւմ եք՝ մարդիկ մոռացե՞լ են դա: Երրորդ և չորրորդ սերունդները դեռ հիշում են, և այսօր նրանք կամավորական են դառնում Արցախում կռվելու, Թուրքիայի դեմ կռվելու համար: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել դա, կարծո՞ւմ եք, որ երկու ազգերը պատրաստ կլինեն բանակցել։ Ոչ: Դուք մարդկանց կարող եք դուրս քշել, բայց հիշողությունը կհարատևի մի սերնդից մյուսը»:

Մեկ այլ հարցի, թե փոխզիջումների մասով, կարծո՞ւմ է, որ պետք է քննարկումներ լինեն Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» վերաբերյալ, Հայաստանի նախագահը պատասխանել է․ - «Պե՞տք է լինեն կապույտ սաղավարտներ, անվտանգության գոտիներ: Դա հակամարտությունները լուծելու դասական եղանակ է: Սակայն առաջին բանը, որ պետք է արվի, հրադադարն է: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է: Փոխվստահությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում: Ես Մինսկի խմբում բանակցող չեմ: Այդ դերը վերապահված է վարչապետին և արտաքին գործերի նախարարին, բայց ես հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան սեղանի շուրջ, կկարողանան միջազգային հանրության աջակցությամբ վերականգնել փոխվստահությունը և հասնել վերջնական լուծման: Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG