Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողություններում ներգրավված ևս 3 վարձկաններ մեղադրյալ են ներգրավվել Քննչական կոմիտեում քննվող քրեական գործում։
Ազգությամբ արաբ Աբու Սթեֆ ալ–Հինդավիի, Ահմադ ալ-Տայեբիի և Աբու Դիաբ Հալաբիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրանք մեղադրյալ են ներգրավվել Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։
Միջնորդություններ են ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հետախուզվող վարձկանների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նրանց վերաբերյալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունում տվյալներ է ձեռքբերել ԱԱԾ-ն։
Ավելի վաղ Սիրիայի ևս երկու քաղաքացիներ կալանավորվել են Հայաստանում նույն՝ վարձկանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և միջազգային ահաբեկչության համար։
Նրանք՝ Յուսեֆ ալ Աբեդ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը հայաստանցի իրավապահներին պատմել են, որ Սիրիայում հավաքագրվել են և տեղափոխվել Ադրբեջան՝ ամսական 2000 դոլարի համար, նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։