Մատչելիության հղումներ

Գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է բռնության գործադրման հետևանքով, հայտնում է ՔԿ-ն


Ադրբեջանական գերության մեջ հայտնված 84-ամյա Միշա Մելքումյանը խոշտանգումների, բռնության գործադրման հետևանքով է մահացել։ Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով։ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ գործ ունեն բռնի մահվան հետ։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցած անձանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունը, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը։

«Մելքումյանն իր փաստացի բնակության վայրից, որը հանդիսացել է բռնազավթված տարածք, տեղահանվել է և տեղափոխվել է Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաք, որտեղ խոշտանգումների արդյունքում սպանվել է: Մենք ունենք փաստ, որ անձի մահը վրա է հասել բռնության գործադրման արդյունքում», - ասաց Ռաֆայել Վարդանյանը:

Նախորդ շաբաթ ադրբեջանական գերությունից Հայաստան էր վերադարձվել 85-ամյա գերի Եվգենիա Բաբայանը: «Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի պաշտոնյան ասաց՝ Բաբայանին ևս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները բռնի կերպով, իր կամքին հակառակ տեղահանել են իր փաստացի բնակության վայրից՝ Հադրութից։

«Նախ տեղահանման ժամանակ անձը վատառողջ է եղել և խնդրել է, որպեսզի իրեն չտեղահանեն, այլ մնա իր փաստացի բնակության վայրում, նրան իր կամքին հակառակ, ձեռքերից քաշելով և բռնություն գործադրելով տեղափոխել են ավտոմեքենայով, տևական ժամանակ տեղափոխել են Բաքու քաղաք, որտեղ մի քանի օր պահել են ոստիկանական բաժանմունքներում, այդ թվում՝ այդ տարիքի կնոջը պահել են ամբողջ գիշեր ուղղակի աթոռի վրա նստած, հարցաքննել են, տարբեր հարցեր են տվել», - նշեց Վարդանյանը:

Եթե տարեց կնոջը հաջողվեց տեղափոխել Հայաստան, ապա Միշա Մելքումյանին հնարավոր չէր եղել վերադարձնել հայրենիք: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ՝ տարեց տղամարդու ճամփորդությունն այդ պահին բժշկական առումով հակացուցված էր եղել։

Ռաֆայել Վարդանյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ Ադրբեջանում 21 հայ ռազմագերի կա։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին չի մանրամասնում, թե սեպտեմբերի 27-ից ի վեր քանի հայ գերի կա Ադրբեջանում։ Ասաց՝ հոկտեմբերի 19-ին Կարմիր խաչը հնարավորություն է ունեցել փոքր թվով ռազմագերիների այցելել։

«Մենք կապի մեջ ենք պահող իշխանությունների հետ, և մենք ընտանիքների հետ կապի մեջ ենք, սա կարող եմ միայն ասել այս թեմայով, այլ տեսակցությունների մասով որևէ նորություն կամ այլ ինֆորմացիա այս պահին չունեմ տրամադրելու», - ասաց Ամատունին:

Հոկտեմբերի վերջին հայկական կողմին փոխանցվեցին ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների դիեր։ Սակայն միայն 4-ին են հարազատները կարողացել ճանաչել։

«Ունենք զոհված զինծառայողների մի մասի դիակներ, որոնք ուղղակի անճանաչելի են, և իրենց մասով պետք է իրականացվեն դատագենետիկական փորձաքննություններ, որ հնարավոր լինի իրականացնել նույնականացում: Իսկ որոնց մասով , որ հնարավոր էր արտաքին տեսքով փորձել նույնականացնել, 4-ի մասով կարողացել ենք իրականացնել այդ նույնականացումը, այդ թվում՝ մեկի մասով կար նաև զինվորական գրքույկի այրված հատված, որից տվյալները հանելով կարողացանք այդ եղանակով էլ նույնականացում կատարել», - ասաց Ռաֆայել Վարդանյանը:

XS
SM
MD
LG