Մատչելիության հղումներ

Երևանը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ Այդ մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն «առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում», շեշտում է Նաղդալյանը:

«Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին:

Ըստ հաղորդումների՝ Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի պատին ենթադրաբար «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության անդամները դեղին ներկով գրել են «1915» և «RTE»:

XS
SM
MD
LG