Թուրքիան չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի դրան համաձայն չէ Հայաստանը: Կրեմլը հերթական անգամ նման հայտարարություն է արել այսօր:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր պատասխանել է կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին արդեն ավանդական դարձած հարցին` ընդգծելով. - «Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին»:
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե ցանկալի է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան համակարտության կարգավորմանը: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ «Թուրքիան խնդրի կարգավորմանը մասնակցելու նույնքան իրավունք ունի, ինչ և Ռուսաստանը»:
Վերջին օրերին քանի դեռ Հայաստանում ակնկալում են, որ երկրի տարածքում ռազմական գործողությունները սկսվելու դեպքում Մոսկվան, համաձայն պայմանագրերի, ստիպված է լինելու պաշտպանել Հայաստանին, Բաքվից Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում: Ալիևը, մասնավորապես, հարցազրույցների մեկում հայտարարել է, թե «Գյումրիում տեղակայված ռուզական բազան զենք է մատակարարում հայկական ուժերին»:
Ադրբեջանական ուժերն այսօր, հայկական կողմի հաղորդմամբ, հրթիռակոծել են Հայաստանի տարածքը: Պաշտոնական Մոսկվան սրան դեռ չի արձագանքել, իսկ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասում է, թե Ռուսաստանը կավելացնի իր ճնշումն Ադրբեջանի վրա, եթե ստեղծվի կրիտիկական իրավիճակ Ղարաբաղում, օրինակ` ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինը: «Այս պահին նման կրիտիկական իրավիճակ չկա, - ասում է փորձագետը, - Մոսկվան հնարավորինս անում է այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները չխզելու համար և Բաքվին ու Անկարային ճնշելու այլ լծակներ է օգտագործում, օրինակ` ռմբակոծում է ահաբեկիչների ճամբարները Սիրիայի այն տարածքում, որը վերահսկում է Թուրքիան, այն ճամբարները, որտեղից Թուրքիան ահաբեկիչ վարձկաններ է տեղափոխում Ղարաբաղ: Բացի այդ, Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է եղել չեզոքացնել ադրբեջանական ուժերի մեծ առավելությունն օդում:
Ռուսաստանը դադարեցրել է ցանկացած ռազմատեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին պատերազմը սկսելուց ի վեր, և Ադրբեջանի այն սպառազինությունը, որ գնվել էր Ռուսաստանից, մեծամասամբ սպառվել է, քանի որ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ է զինամթերք, իսկ նորը Ռուսաստանը չի տալիս»:
Եվսեևը նաև նշում է, որ Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է Հայաստանի և Ղարաբաղի սահմանին: Հիմնական խնդիրը, որն այսօր պետք է անհանգստացնի Հայաստանին, Թուրքիայի հնարավոր մասնակցությունն է պատերազմին, կանոնավոր թուրքական բանակի մասին է խոսքը: Իսկ այս խնդիրը, ռուսաստանցի փորձագետի պնդմամբ, Մոսկվան` որպես Երևանի դաշնակից, այսօր լուծում է, զսպում է Թուրքիային, դժվար թե վերջինս ուզենա պատերազմել Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում, իսկ Մոսկվան հստակ ասել է Անկարային, որ եթե թուրքական զորքերը մտնեն հայ-ադրբեջանական հակամարտության գոտի, ստիպված են լինելու պատերազմել ռուսական բանակի դեմ: Սրա հետ մեկտեղ նույնիսկ հայամետ ռուսաստանցի փորձագետն ասում է, որ Ռուսաստանը չի ուզում պատերազմել Ադրբեջանի դեմ և հնարավորինս կանի, որ պատերազմը չտարածվի նաև Հայաստանի տարածք:
«Ազատությանը» տված հարցազրույցում, ի դեպ, հարցին, թե եթե այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեն Հայաստանի տարածքում, Ռուսաստանը կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները, Վլադիմիր Եվսեևը դժվարացավ պատասխանել:
Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում մեծ ոգևորությամբ էին խոսում «Իսկանդեր» գերժամանակակից և արդյունավետ հրթիռային համակարգերը Ռուսաստանից ձեռք բերելու մասին: Ռազմական հարցերով փորձագետի խոսքով` դրանք, սակայն, այն ռազմական ռեզերվն է, որոնք հայկական կողմը կարող է օգտագործել միայն խիստ կրիտիկական իրավիճակում` հարվածելով, օրինակ, գազատարերին կամ չափազանց կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին: Ռուսաստանցի փորձագետն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու հայկական կողմը չի օգտագործում Ռուսաստանից վերջերս ձեռք բերված ռազմական SU օդանավերը. - «Դրանք կիրառելու համար ժամանակ է պետք, օդաչուները պետք է ադապտացվեն»: