Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում «Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ»


Պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ Փաշինյանը նշեց` չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, տեղեկացրեց` կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել Պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, ասել է` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ կողմերի համար երրորդը, կարող է մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: «Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն, ու մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը»,- նկատեց Փաշինյանը:

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Փոմփեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին, ապա ինչ հետևանքներ է ունենալու դա խախտած կողմի համար»,- ներկայացրեց նա:

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա», - ասաց վարչապետը` հավելելով, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ «ցավոտ փոխզիջումների», սակայն ոչ կապիտուլյացիայի որևէ պարագայում: Հետևաբար, ըստ նրա, հայ ժողովուրդը սեփական շահերը պաշտպանելու ռեսուրսներ պետք է գտնի, որպեսզի Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջում:

Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ ռազմական այս իրավիճակի ֆոնին պատրաստ չէ փոխզիջումների:

Ըստ նրա` յուրաքանչյուր հայ այս պարագայում պետք է հասկանա, որ պահը օրհասական է, և ղարաբաղյան հարցի կարգավորումն իրենից է կախված: «Զինկոմիսարիատների առաջ պետք է հերթեր լինեն 24 ժամ, այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան սեփական ձեռքերում դա վերցնելն է: Որպես ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է», - ընդգծեց վարչապետը: Ապա դիմելով կանանց` նկատեց, որ նրանք պետք է իրենց տղամարդկանց` որդիներին, ամուսիններին ասեն, որ այս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու:

Այսօր տեղական ժամանակով՝ 08:00-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո Մարտունի քաղաքի ուղղությամբ կիրառվել է ռազմական ավիացիա։ Ավելի ուշ 13:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի փոխանցմամբ, Ադրբեջանը նաև «Սմերչ» համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

Ադրբեջանը հրադադարի պայմանավորված ժամից րոպեներ առաջ էր հայտարարել, թե հայկական կողմը խախտել է հրադադարը՝ հարավային ուղղությամբ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը։

Տեղեկությունը հերքել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

XS
SM
MD
LG