Մատչելիության հղումներ

Կանադացիները դադարեցրել են ԱԹՍ-ների շարժիչների վաճառքը Թուրքիային


Bayraktar TV2 տեսակի ԱԹՍ, արխիվ:
Bayraktar TV2 տեսակի ԱԹՍ, արխիվ:

Bombardier կանադական ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային այն բանից հետո, երբ հաստատվել էլ, որ դրանք տեղադրվում են Թուրքիայում արտադրվող և Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի վրա:

Քվեբեկում տեղակայված Bombardier ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթավերջին է հաղորդագրություններ ստացել այն մասին, որ Ավստրիայում գտնվող դուստր ձեռնարկությունը՝ Rotax-ը, շարժիչներ է արտադրում Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ների համար:

«Մենք վերջերս իմացանք, որ Rotax-ի շարժիչները տեղադրվում եմ մարտական նշանակության դրոնների վրա և անմիջապես կասեցրինք մատակարարումը»,- ասել է Bombardier-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանժլեն Կանադայի միջազգային ռադիոյի թղթակցին, ավելացնելով, որ ընկերությունն ընդհանրապես անորոշ ժամանակով կսառեցնի բոլոր մատակարարումներն այն դեպքում, եթե հստակ չեն պատվիրատուի կողմից դրոնների օգտագործման նպատակները:

Լանժլեն նշել է, որ Bombardier ընկերությունը բացառապես քաղաքացիական օգտագործման համար է շարժիչներ արտադրում:

Կանադան 2019 թվականի հոկտեմբերից դադարեցրել է պաշտպանության նշանակության տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային՝ այն բանից հետո, երբ թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիսային շրջաններ:

XS
SM
MD
LG