ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը մեղմելու համար, այսօր Բրյուսելում`պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այո, Թուրքիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար, բայց մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում ունեցած իր էական ազդեցությունը՝ լարվածությունը հանդարտեցնելու համար», - ասել է գլխավոր քարտուղարը։
Լրագրողներից մեկը փաստել է՝ «դուք պնդում եք, թե խնդիրը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն, Հայաստանի վարչապետը երեկ հայտարարեց, թե այս փուլում խնդիրը դիվանագիտական լուծում չունի, ինչպե՞ս կարձագանքեք»։
«Իրավիճակը շատ լուրջ է։ Մենք տեսել ենք բռնություններ, ռազմական բախումներ, բազմաթիվ կորուստներ, լսել ենք քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին հաղորդումներ։ Այս ամենը շատ է լրջացնում իրավիճակը, որով մեր բոլոր դաշնակիցներն էլ մտահոգ են։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չէ, և այդ իսկ պատճառով, մենք խստորեն աջակցում ենք կայացած ձևաչափին՝ Մինսկի խմբին ու համանախագահներին, որովհետև միջազգային հանրությունը նրանց է պատվիրակել զբաղվել այս հարցով։ ՆԱՏՕ-ն հորդորում է գտնել քաղաքական լուծում․ ես չեմ ասում, որ քաղաքական կարգավորումը հեշտ է, և չեմ կարծում, որ խաղաղ լուծում հնարավոր է գտնել մոտ ապագայում», - պատասխանել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ՝ երեկ, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հանդիպել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ով համատեղ ասուլիսում քննադատել էր կառույցի անդամ Թուրքիային, և պնդել՝ քանի դեռ Անկարան շարունակում է միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։
«Շատ վերլուծաբաններ, նաև նրանք, որ մոտիկից են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հիմա ասում են, որ այն այլևս հակամարտություն չէ Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև, այլ այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է», - հայտարարել էր Արմեն Սարգսյանը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն այսօրվա ասուլիսում վերստին պնդել է՝ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «Ես այդ ուղերձը փոխանցեցի երեկ Հայաստանի նախագահին, այսօր էլ կրկնում եմ այստեղ», - ասել է Յենս Ստոլտենբերգը։