Արցախում վերականգնում են վնասված ենթակառուցվածքները, կապի խնդիր արդեն չկա, էլեկտրաէներգիան անխափան է, Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտնում է` երկրում գազամատակարարումն էլ մասնակի է վերականգնվել:
«Իսկապես շատ արտասովոր պայմաններում բոլոր ծառայությունները աշխատում են ուղղակի շուրջօրյա ռեժիմով ու հաջողվում է հինականում պահպանել էներգամատակարարումը, կապը: Կապի հետ էլ խնդիրներ եղան, բայց դրանք հնարավորինս արագ եղանակով լուծվել են: Գազամատակարարումն արդեն մասնակի վերականգնվել է, աշխատանքները շարունակվում են: Ինչ վերաբերում է պարենային և ոչ պարենային ապահովվածությանը, պետք է նշեմ, որ հենց առաջին ժամից սկսած մեր հայրենակիցները սկսել են մեզ ուղարկել բավականին մեծ ծվալներով և՛ ֆինանսական, և՛ նյութական, իրային օգնություն: Ստեղծված օպերատիվ շտաբի շրջանակներում առանձնացվեցին կառույցներ, որոնք զբաղվում են այդ օգնության ընդունմամբ և բաշխմամբ», - ընդգծեց Մարտիրոսյանը:
Արցախում վնասներն են հաշվում: Արդեն ճշգրտվել է, թե քանի տուն, ենթակառուցվածք է վնասվել ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծման կամ ռմբահարման հետևանքով:
Ըստ Գրիգորի Մարտիրոսյանի, պետական համակարգը, չնայած պատերազմին, կաթվածահար վիճակում չէ: Արցախի պետնախարարը վստահեցնում է` քաղաքացիներն այս ընթացքում ստանում են նաև աշխատավարձերն ու թոշակները:
«Թոշակներն արդեն իսկ ստացել են: Առաջին օրորից ապահովեցինք և բոլոր աշխատավարձերի վճարումը, պետք է ապահովենք նաև թոշակների վճարումը, որոնք քարտային եղանակով չեն վճարվում: Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով բոլոր մասնաճյուղերով ստեղծվել է հնարավորություն, որպեսզի մեր հայրենակիցները ներկայանան փաստաթղթով «Հայփոստի» բաժանմունքներ և ստանան իրենց թոշակները», -ասաց Մարտիրոսյանը
Իսկ ժամանակավոր Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրներով տեղում նաև օպերատիվ շտաբը կզբաղվի. այն դեռ ձևավորման փուլում է:
«Հայաստանում այդ աշխատանքների համակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության միջոցով, իսկ այժմ նախագահի հանձնարարության համաձայն ստեղծվում է օպերատիվ շտաբ, որը կաշխատի հենց Հայաստանի Հանրապետությունում և կզբաղվի մեր այն հայրենակիցների առօրյա հոգսերով, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում», - նշեց Արցախի պետնախարարը:
Ոչ միայն Ստեփանակերտում, այլև այլ բնակավայրերում քաղաքացիներն ասում են` սննդի խնդիր չունեն: Չնայած որոշ բնակավայրերում հարաբերական խաղաղությանը, մարդկանց մեծ մասը դեռ ապաստարաններում է: