Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է:
Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ:
Մարդկանց մեծ մասն ապահով վայրերում է: Կան նաև քաղաքացիներ, որոնք տնից չեն տեղափոխվում ապաստարաններ:
«Ազատության» լրագրողը երեկ Մարտունիում էր, որը ռազմաճակատից շատ հեռու չէ, քաղաքում պարզ լսելի էին պայթյունի ձայները:
Մարտունին թիրախավորվել էր մի քանի օր առաջ: Հրթիռակոծության հետևանքով քաղաքում տներ են ավերվել: Չնայած դրան՝ փողոցներում էլի մարդկանց կտեսնես:
Երեկ հայկական կողմը հայտարարեց, որ Արցախի բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, սակայն լուսադեմին Մարտակերտն իր հարակից գյուղերով ու քաղաքացիական ենթակառուցվածքներով կրկին հայտնվել է հակառակորդի նշանակետում:
Հաղորդվեց նաև, որ նույն ուղղությամբ Ադրբեջանը նախօրեին կիրառել է ավիացիա և ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կոչ միայն ոպտորեն խախտելով համաձայնեցված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելով արգելված զինատեսակներ: