Թուրքիայի նպատակը Սյունիքով Նախիջևանին կապվելն է, խնդիրը միայն Արցախը չէ, մեր ամբողջ հայրենիքն է դրված նժարին, ասում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորի հետ զրուցել է Կարլեն Ասլանյանը:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Տաթևիկ Հայրապետյան. – Աշխարհը մոռացել է, որ ընդամենը հարյուրամյակ առաջ, տալով Թուրքիային նման հնարավորություն և ժամանակին չզսպելով Թուրքիային, ի վերջո ականատես եղան նրան, ինչ ականատես եղան՝ և՛ Ցեղասպանության, և՛ հետագա գործընթացների, հետո՝ պայմանագրեր, հետո՝ աշխարհի վերադասավորում...
Այժմ այդ փորձն է Թուրքիայի՝ վերածվել գերտերության, և փորձում է դա իրականացնել՝ կրկին տարածաշրջանից հեռացնելով այն ժողովրդին, որը իրեն խանգարում է դա իրականացնել՝ հանձին մեզ: Եվ Թուրքիայի նպատակը, վստահորեն, ոչ թե Շուշին կամ Ստեփանակերտն են, այլ ակնհայտ է, որ Թուրքիայի նպատակը, և հարավի վրա այդ շեշտադրումը ակնհայտ ցույց է տալիս, որ նպատակը Սյունիքով Նախիջևանին կապվելն է, և դրա մասին հայտարարում են Թուրքիայում: Ակնհայտ է, որ հենց Էրդողանի ամենամտերիմները պարզ տեքստերով խոսում են դրա մասին:
Եվ սա է Թուրքիայի ներգրավվածության հիմնական պատճառները, և սրա դեմ ենք փորձում մենք պայքարել որպես ժողովուրդ:
Դրա համար, խնդիրը միայն Արցախը չէ, խնդիրը ամբողջ հայրենիքն է՝ դրված այսօր նժարին, և, այո, այդ առումով՝ մեր կռվին այլընտրանք չի կարող լինել:
«Ազատություն». – Դուք կարծում եք՝ մեր հանրությունը պետք է երկարաժամկե՞տ պատերազմի պատրաստվի:
Հայրապետյան. – Ես կարծում եմ՝ այո: Ես հասկանում եմ, որ գուցե նաև նյարդերի պայքար է, և իրականում պատերազմներում, պատմության մեջ էլ է այդպես, հաղթում են թիկունքում:
Ժամանակին, շատերը կհիշեն, Ստեփանակերտն էր ռմբակոծվում Շուշիից, հետո ազատագրվեց Շուշին, հետո` շատ այլ շրջաններ, հետո՝ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն՝ եղել է շատ ավելի բարդ իրավիճակ, և մենք այդ իրավիճակում հաղթել ենք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.