Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:
«Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը», - ասված է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև նշում է նախագահականը: