ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:
«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:
«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», - նշել է Վասիլի Նեբենզյան:
Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ:
«Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը», - ասել է Նեբենզյան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավել ևս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը:
«Թե ով և ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է», - ասել է Վասիլի Նեբենզյան:
Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախաձեռնությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի նոր պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, արդեն մեկ անգամ քննարկել է հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը համաձայնեցրել են հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, սակայն այն չի գործել: Հրադադարի ևս մեկ անհաջող փորձ եղել է հոկտեմբերի 18-ին:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերն առաջիկայում կհամաձայնեցնեն հրադադարի վերահսկումը:
Երեկ ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն գալիք ուրբաթ օրը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ապա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենա հանդիպում եռակողմ ձևաչափով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցներում ասել են, որ պատրաստ են հանդիպել և բանակցել Մոսկվայում, սակայն հնարավոր հանդիպման հստակ օրը դեռ չի հայտարարվել:
Երեկ ղարաբաղյան խնդրով գումարվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների ղեկավարները, «Իմ քայլ»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները:
Դրանից հետո վարչապետը ղարաբաղյան խնդիրը քննարկել է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: