Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գնահատմամբ՝ նույն որակի և տեսակի ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից նաև Հայաստանում արտադրվել։
Երեկ հրապարակված առաջարկի պատճառն, ըստ կառավարության, Թուրքիայի բացահայտ աջակցությունն է Ադրբեջանին, հրահրող կոչերը, սպառազինության մատակարարումն ու վարձկան ահաբեկիչների տեղափոխումը հակամարտության գոտի։
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը», - ասված է կառավարության ներկայացրած նախագծում։
Կառավարության փոխանցմամբ՝ նախորդ տարի թուրքական ավելի քան 268 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, որից շուրջ 70 միլիոնի դոլարի հագուստ, 35,3 միլիոն դոլարի սարքավորումներ ու մեքենաներ և այլն։
Այսօր Երևանի հիմնական տոնավաճառներից մեկի առևտրականները «Ազատության» հետ զրույցում հիմնականում ողջունեցին կառավարության առաջարկը, վստահեցնելով՝ այլ երկրներից ապրանք բերելու տարբերակներ կգտնեն։
«Լիքը այլընտրանք ունենք, Պեկինից ենք բերում, Մոսկվայից ենք բերում, տեղականը, խթանենք մեր տեղականին: Թող մեր մոտ կարվի, մենք էդ կվաճառենք կամ էդ կառնենք: Լիքը հնարավորություններ ունենք», - ասաց առևտրականներից մեկը:
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր փոխանցեց՝ թուրքական ապրանքների ներկրում արգելող նախագծի մշակման ընթացքում բազմաթիվ քննարկումներ են իրականացվել։ Հաշվարկվել է, որ որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
«Սակայն պետք է նշեմ, որ տվյալ դեպքում ռիսկերի գինը շատ ավելի բարձր է, քան հնարավոր բացասական ազդեցության կշիռը: Ընդ որում, վստահ եմ, որ բացասական ազդեցությունը կլինի ժամանակավոր, և շուկան արագ կադապտացվի նոր իրավիճակին», - նշեց փոխվարչապետը:
Գրիգորյանը վստահեցնում է՝ կառավարությունը ֆինանսական օժանդակության կտրամադրի, որպեսզի Թուրքիայից ներկրելու փոխարեն պահանջված ապրանքներն արտադրվեն Հայաստանում։ Օժանդակությունը նախատեսվում է վարկերի սուբսիդավորման և նոր ներդրումների խրախուսման ձևաչափով։
«Այլընտանքային շուկաներից ներմուծումների մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում կկազմակերպի նոր շուկաներում և նոր գործարար կապերի հաստատման միջոցառումներ: Ընդ որում, հավանական խնդիրների լուծումների վերաբերյալ մենք արդեն իսկ քննարկումներ ենք իրականացրել ԵԱՏՄ երկրների որոշ գործընկերների հետ», - ընդգծեց Մհեր Գրիգորյանը:
Այս որոշումն անհրաժեշտ է, քանի որ չի կարելի ակնկալել, որ այլ երկրներ պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ, երբ հենց Հայաստանը նման քայլի չի դիմել, ասում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Կովկասի ինստիտուտի փորձագետը նաև նշում է՝ թուրքական ապրանքների գները վերջին տարիներին աճում էին, հետևաբար նվազում էր այդ ապրանքների հարաբերական առավելությունն այլ երկրների արտադրանքի համեմատությամբ, ուստի թուրքական ապրանքներն անփոխարինելի չեն։
«Իհարկե, պետք է հաշվի առնել, որ որոշակի առումով կտուժեն էն մարդիկ, ովքեր այդ ապրանքների տեղափոխմամբ են զբաղված, վաճառքով», - ասաց Միքայելյանը:
Այժմ կարևորը խաղաղության հաստատումն է, մնացած հարցերը կլուծվեն, ասում են առևտրականները, որոնց տաղավարներում դեռ չվաճառված թուրքական ապրանքներ են մնացել։
Առևտրականներց մեկի գնահատմամբ՝ թուրքականի ու չինականի միջև գնային առումով էական տարբերություն չկա, սակայն առաջինը մի փոքր ավելի որակով է։
«Բայց էս պահին մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, մեզ խաղաղությունն է հետաքրքրում, նրանք էլ մարդ են, չենք ասում՝ մեզ թշնամի են, բայց ներկա դեպքում մեզ պետք չի իրանց զինենք: Մեր խիղճը հանգիստ լինի, որ իմ երեխան գյուլլի բերան չի», - ասաց վաճառականներից մեկը:
Թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումը նախատեսվում է վեց ամսով՝ մինչև 2021-ի հուլիս, քանի որ դա է ԵԱՏՄ կարգավորումներով նախատեսված առավելագույն ժամկետը։ Հայաստանի իշխանությունները հայտնում են՝ ժամկետը լրանալուց հետո հնարավոր է, որ այն երկարաձգվի։