Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ:
Նախարարությունը նշում է՝ համաձայն երկրորդ միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 12-ը ներառյալ ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում և խիտ բնակեցված (մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, Թաղասերը, Վարդաշատը, Սպիտակշենը, Մեղավուսը, Ներքին Հորաթաղը, Ալաշանը, Մադաղիսը և այլն) ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին, որոնք ուղեկցվել են ԱԹՍ-ների, հրետանու, հրթիռային և տանկային հարվածների կիրառմամբ, և մեծամասամբ եղել են չտարբերակված՝ այդպիսով սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին:
Զեկույցի համաձայն՝ հոկտեմբերի 12֊ը ներառյալ սպանվել է 31 խաղաղ բնակիչ (8 կին և 23 տղամարդ, 1 երեխա և 30 մեծահասակ)։ Վիրավորվել է 106 խաղաղ բնակիչ, որոնցից 86-ը ստացել են ծանր վիրավորումներ։
«Ադրբեջանի զինված ուժերը անտեսում են ռազմական նպատակների և քաղաքացիական բնակչության տարբերակման իրենց պարտավորությունները: Բացի այդ, նրանք չեն կիրառել նաև խաղաղ բնակչությանը նախագզուշացնող միջոցառումներ: Շատ դեպքերում այդ հարձակումները եղել են թիրախավորված և դիտավորյալ, քանի որ ռազմական թիրախները տեղակայված են քաղաքացիական օբյեկտներից բավական մեծ հեռավորության վրա, իսկ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ճշգրիտ զինատեսակներ, ինչպես օրինակ հրթիռներ և հարվածող դրոններ: Հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության», - ասված է զեկույցում։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։