Մատչելիության հղումներ

Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, օգոստոս, 2020թ.
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, օգոստոս, 2020թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը:

«Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար», - ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

XS
SM
MD
LG